Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի հայտարարությունը քննության առարկա չի դարձվել
- Lilit

- Sep 24
- 1 min read

ԱՆԻՖ-ի կողմից պետական միջոցները ոչ արդյունավետ տնօրինելու, վատնելու գործով Քննչական կոմիտեում բազմակողմանի քննություն չի իրականացվում։ Համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի պատճառով «ԱՆԻՖ»-ի ներդրումային ծրագրերը խափանվելու վարկածի կամ դրվագի ուղղությամբ քննություն չի կատարվում։
Նիկոլ Փաշինյանի բացասական դերակատարման մասին հրապարակավ խոսել է նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։
«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,- սեպտեմբերի 22-ին հայտարարել էր Դավիթ Փափազյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։
«Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՔԿ-ին՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել այս հայտարարությանը, արդյոք այն քննության առարկա դարձվե՞լ է՝ ԱՆԻՖ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող վարույթի շրջանակներում, կամ գուցե առանձին վարո՞ւյթ է սկսվել։
Դատախազությունից պատասխան չունեն, ՔԿ-ից էլ նշել են, որ Դավիթ Փափազյանի հայտարարությունը քննության առարկա չի դարձել, քանի որ վերջինիս գրառումներում «քննության ենթակա հանգամանքներ չկան»։




















