Իրան-Սիրիա ռազմաքաղաքական տանդեմը՝ կարևոր գործոն Մերձավոր Արևելքում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կոչ է արել ակտիվացնել երկկողմ ապրանքաշրջանառությունն ու տնտեսական կապերն Իրանի հետ: Այդ մասին նա հայտարարել է Դամասկոսում՝ Իրանի ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպման ընթացքում:
Իրանն ու Սիրիան նաև պայմանավորվել են ստեղծել համատեղ բանկ: Քննարկվել է նաև Սիրիայում համատեղ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը:
Իրանի համար Սիրիան շիական առանցքի կարևորագույն երկրներից մեկն է՝ Իրանի դարպասն է դեպի Լևանտ, Միջերկրական ծով և հնարավոր պլացդարմ՝ Իսրայելի դեմ պատերազմում: Սիրիայում տարիներ շարունակ ընթանում են պատերազմական գործողություններ և Իրանը թե ռազմական, թե տնտեսական աջակցություն է ցուցաբերել Բաշար Ասադին: Շիական Հզբոլահ շարժումն ակտիվորեն մասնակցել է սիրիական պատերազմին՝ Ասադի իշխանությունն ու իրանական շահերը պաշտպանելու նպատակով:
Նշենք, որ Իրանը ցանկանում է լոգիստիկ հզորություններ ստեղծել դեպի Սիրիա, որոնք անցնելու են Իրաքի տարածքով: Շիական առանցքը՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան Թեհրանը ցանկանում է կապել նաև լոգիստիկայով, իսկ այդ լոգիստիկայի անվտանգությունն ապահովելու են Իրաքում և Լիբանանում՝ շիական խմբավորումները, իսկ Սիրիայում՝ Ասադի կառավարական ուժերը:
Մեծ Մերձավոր Արևելքում Սիրիան Իրանի համար բուֆերային երկիր է և Իրանի անվտանգությունն որոշ առումներով սկսվում է հենց Դամասկոսից կամ սիրիական ափից, քանի որ Սիրիան սահմանակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որն օկուպացրել է Սիրիայի հյուսիսը, Իրանի թիվ մեկ ռազմա-քաղաքական հակառակորդ՝ Իսրայելին, որի հետ Իրանը կարող է ցանկացած պահի պատերազմ սկսել, ինչպես նաև Սիրիայում ներկա են նաև ռուսական ուժեր՝ ՌԴ-ն ամրապնդում է իր դիրքերն Իրանի համար կենսական նշանակություն ունեցող երկրում:
Այս պայմաններում Սիրիայի դերն ու նշանակությունն Իրանի համար միայն աճելու է: Արևմուտքն և Իսրայելը չեն ցանկանում, որպեսզի Իրանի ռազմա-քաղաքական դիրքերն ամրապնդվեն Սիրիայում՝ նրանք ցանկանում են կտրել Սիրիան Իրանից, որպեսզի զրկեն Թեհրանին ազդեցության լծակներից թե Իսրայելի, Գազայի հատվածի, թե Լիբանանի վրա, որտեղ կենտրոնացած է Հզբոլահ շարժումը:
Իրան-Սիրիա ռազմա-քաղաքական դաշինքն ամրապնդվելու է՝ Իրանը ռազմական աջակցությունից բացի նաև տնտեսական նախագծեր է կյանքի կոչում Դամասկոսի հետ և այդ կապերը միայն խորանալու են, ինչի մասին են խոսում համատեղ բանկի և ազատ տնտեսական գոտու ստեղծման որոշումները:
Արտյոմ Բալասանով