Վերաքննիչ դատարանը ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել Մանվել Փարամազյանի գործով․ փաստաբան
Վերաքննիչ դատարանը այսօր որոշում է կայացրել կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին։
MediaHub.am-ի հետ զրույցում Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դատարանի կողմից կալանավորելու որոշումը դեռ փաստաբաններին չի տրամադրվել և չգիտեն, թե ինչպես է դատարանը հիմնավորել իր որոշումը։ «Սակայն կարող եմ ասել, որ ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը։ Կալանավորման որոշումը կայացվել է քրեական գործի շրջանակներում, որը քննում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։ Նախագահությամբ Բախշիյանի ազատ էր արձակվել, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ քրեական գործի համար քիչ թե շատ նշանակություն ունեցող վկաները հարցաքննվել են, այսինքն` վկաների վրա ազդելու խնդիր այլևս չկար։ Հիմա թե ինչ կգրի իր որոշման մեջ վերաքննիչ դատարանը՝ չեմ կարող ասել, ցանկացած դեպքում, որևէ հիմք չկա, ի սկզբանե չկար, բայց այն բանից հետո, որ վկաներն էլ հացաքննվել էին, անհասկանալի է, թե ինչ հիմքով»։
Նա նշեց, որ կալանավորումն անժամկետ է, քանի որ այս դեպքում ժամկետ չի սահմանվում․ «Որոշումը, բնականաբար, բողոքարկելու ենք»։
Արմինե Նավոյան