top of page

Արևմուտքից հնարավոր հակադարձման թիրախը կարող է լինել հենց Հայաստանը. Վարդան Ոսկանյան


Ֆեյսբուքյան իր էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.


««Ժողովրդավարություն», «ավտորիտարիզմ», «հեղափոխություն»՝ այս ամենը ոչինչ է՝ դատարկ խոսք Հայաստանի կենսական շահի և մեր պետության ու անվտանգային համակարգի վերականգման և հզորացման համեմատ։ Պարզ է, չէ՞, որ Հայաստանն արդեն իսկ լրջագույն ծառայություն մատուցեց՝ Ղազախստանը վերադարձնելու ռուսական գրեթե լիակատար վերահսկողության գոտի։


ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի մուտքն այդ երկիր հայտարարվեց Հայաստանից, իսկ դատելով ռուսական պաշտոնական լրատվամիջոցների տեղեկատվությունից, դրանց կազմում կա նաև հայկական մասնակցություն։ Եվ այս ամենն արվեց հենց Հայաստանից՝ այն երկրից, որը որոշ ժամանակ առաջ մասնակցում էր ԱՄՆ առաջնորդությամբ կազմակերպված ժողովրդավարության ֆորումի, այսինքն ՀԱՊԿ անդամ երկրների մեջ այս առումով առավել քիչ խոցելի կետից։ Սա փաստացիորեն նշանակում է, որ Արևմուտքից հնարավոր հակադարձման թիրախը կարող է լինել հենց Հայաստանը՝ ըստ էության շեղելով այն Ռուսաստանից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրից։


Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլիներ Արևմուտքի հակադարձումը, եթե այս ամենն արվեր ոչ թե Երևանից, այլ ուղղակի Մոսկվայից կամ, օրինակ՝ Մինսկից։ Ուստի այժմ շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ պետք է ստանա Հայաստանն իր այս դերակատարության դիմաց։


Հզոր Հայաստանի տեսլական ունեցող ցանկացած քաղաքական ղեկավար պետք է այս հանգամանքն օգտագործի, ոչ թե, դիցուք, իր իշխանության դեմ հնարավոր բողոքի գործողությունների ժամանակ ՀԱՊԿ-ից աջակցություն ակնկալելու նկատառումով, այլ մեր պետության, խոշոր հաշվով, անվտանգային համակարգի մարտունակությունն այն աստիճանի բարձրացնելու համար, որպեսզի հաջորդ հնարավորության դեպքում հայկական խաղաղապահ զորակազմը ՀԱՊԿ շրջանակներում մտնի Ադրբեջանը հանդարտեցնելու և ռուսական վերահսկողության գոտի վերադարձնելու համար»։



1/2102
bottom of page