Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան է տեղափոխվել. «Hraparak»

Hraparak.am-ի տեղեկություններով՝ գրող, պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է։ Նրա աճյունը կամփոփվի իր հայրենի գյուղում՝ Կոթիում։ Մեր տեղեկություններով՝ հուղարկավորության կառավարական հանձնաժողովը արդեն նիստ է հրավիրել եւ հուղարկավորության գործողություններն ընթացքի մեջ են։
Սիրադեղյանի որդին՝ Խաչատուրը կայքի հետ զրույցում ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի, չգիտի՝ երբ հոր աճյունը կտեղափոխեն Հայաստան։
Հիշեցնենք, որ երեկ կայացած առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել», ասաց.«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ»։
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին։ Նա 75 տարեկան էր։ Նա մահացել է երկարատեւ հիվանդության արդյունքում։




















