top of page

Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է



Hraparak.am-ը գրում է․


«Հունվարի 28-ը Հայոց բանակը դիմավորեց առանց երկրի անվտանգության երաշխավորի, առանց առողջ գլխավոր հրամանատարի, ու այս գիշեր մեր զինվորներից շատերը կրկին քնել են գետնին, ինքնաշեն վառարաններին կպած, վրաններում կուչ եկած: Հայկական բանակը վերածվել է մի մեծ սեւ անցքի՝ հայկական վշտի տիեզերքում, որտեղ մարդիկ կարող են կորչել անհետ, իսկ ՊՆ-ն անգամ մի ձեւական ցավակցություն չհայտնի, չտեղեկացնի դեպքի մասին: Անցյալ տարվա մայիսին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել էր 18-ամյա ժամկետային զինծառայող՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը: Մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա: Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ արդեն երկուսուկես ամիս է՝ կորել է Վայոց Ձորի բնակիչ, 33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը, սակայն ՊՆ-ն դեպքի մասին լռել է եւ կշարունակեր, հավանաբար, լռել, եթե Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չայցելեր մարզ, պատահական չլսեր Վահեի անհետացման մասին ու չգրեր իր ֆեյսբուքյան էջում: 


Պատգամավորը երկու հարցում է արել ՊՆ ու ստացել պաշտոնական հաստատում: Քրեական գործ կա հարուցված՝ ՔՕ 361 հոդվածի 1-ին մասով՝ (Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը): «Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում, չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել, եւ խնդրել է Վահե Մանուկյանին՝ իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել է հարեւան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։


Մենք կապվեցինք Վահե Մանուկյանի կնոջ՝ Լիանա Մելիքսեթյանի հետ: Նա մեզ մանրամասներ հայտնեց, որոնք իսպառ հերքում են դասալքության վարկածը: Պարզվում էч նոյեմբերի 12-ի առավոտյան Վահե Մանուկյանը բարձրացել է «պոստեր»՝ հերթապահության, որը պայմանագրային զինծառայողների դեպքում 15 օր է տեւում: Նա հերթապահության վայր է հասել ժամը 12-ին: «Նորմալ գնացել է իր պոստը: Ոնց երեք տարի ծառայել է, նույնպես էդ օրը գնացել է ծառայության՝ տաքսիով: Նա չի ունեցել ո՛չ գումար, ո՛չ անձնագիր, ո՛չ աշխատավարձի քարտ: Այդպես չեն փախչում»,- ասում է Լիանան: Ըստ կնոջ, դա Վահեի վերջին «պերեսմենկան» է եղել: Նրա ծառայության պայմանագիրն ավարտվում էր, որից հետո մտադիր էր նորից պայմանագիրը երեք տարով երկարացնել: 


«Ինչո՞ւ պետք է փախչեր: Երկու շաբաթից կարող էր իր պայմանագիրը չերկարացնել: Բայց նա երեխաներին պահելու, վարկերը վճարելու համար մտադիր էր շարունակել ծառայությունը: Վայոց Ձորում աշխատանք նորմալ չկա: Մի 180-200 հազար ստանում էր, ինչո՞ւ պետք է հրաժարվեր»,- ասում է «Հրապարակին» Լիանա Մելիքսեթյանը: 


Նա երեք անչափահաս երեխա ունի՝ 4, 6, 7 տարեկան: Վերջին անգամ հեռախոսով խոսել է ամուսնու հետ վերջինիս՝ մարտական դիրք բարձրանալուց առաջ: «Խոսել ենք մեր առօրյայից, խնդիրներ զորամասում չի ունեցել, կոնֆլիկտ չի ունեցել: Այո, պոստերի ընկերոջ ոտքը ցավում էր, նրանք միասին են պատերազմին մասնակցել: «Վեշ» ա եկել իրեն, նա ասել է ամուսնուս՝ խնդրում եմ, իրերս բեր, ինքն էլ չի մերժել, գնացել է: Հետո զանգել եմ, արդեն անհասանելի է եղել: Ժամը ութին եկել են մեր տուն ռազմական ոստիկանությունից, իրեն փնտրելու, ու դրա հիման վրա են գործ հարուցել՝ ինքնակամ ծառայության վայրը լքելու համար: Մտածել են, թե փախել է»: 

Լիանան կարծում  է, որ Վահե Մանուկյանը կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանվել է, բայց թե ինչու մինչեւ հիմա պաշտպանության նախարարությունը չի բարձրաձայնում այդ մասին, եւ ինչու են ամուսնուն դասալիքի տեղ դնում, ինքը չգիտի: 


Նա իր նախաձեռնությամբ դիմել է Կարմիր խաչին՝ փորձելով որեւէ տեղեկություն ստանալ Վահե Մանուկյանի մասին: «Ես Կարմիր խաչին եմ փոխանցել տվյալները, մերոնք չէին թողնում: Մի քանի անգամ զանգել, տվյալներ եմ փոխանցել, երկար ժամանակ անց նոր ասացին, որ տվյալներն ուղարկվել են Բաքու, հետո էլ ասացին, որ մերժվել է, որ նման անուն-ազգանունով մարդ չկա: Հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու: Ինձ ոչ ոք ճիշտը չի ասում»,- գանգատվում է կինը: 


Ժամանակին նա ապրում էր Վայոց Ձորի Գլաձոր գյուղում, հետո ընտանիքը տեղափոխվեց Եղեգնաձոր քաղաք: Լիանան ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր վարձով: Հիմա ամուսնու աշխատավարձը սառեցրել են: Կինն արդեն երեք ամիս է, մնացել է 34 հազար դրամ նպաստի հույսին: Ձեռքին չնչին գումար է մնում: Փետրվարի 10-ին տան վարձի վճարման օրն է: 


ՀԳ. Քննությանը մոտ աղբյուրից հայտնի դարձավ, որ Վահե Մանուկյանի հեռախոսը նրա անհետանալուց հետո գտել են դիրքից 3 կիլոմետր դեպի թիկունք ընկած մասում»:



1/2098
bottom of page