top of page

Խմբակային վարակի հետևանքները․ անպատասխանատվությո՞ւն, թե՞․․․



Քաղաքականության մեջ «կարմի գծեր» կան, որոնք հատել չի կարելի որևէ պարագայում։ Օրինակ, չի կարելի ընդդիմախոսներին թիրախավորել անձնական և ընտանեկան թեմաներով։ Բայց կան անձնական թեմաներ, որոնք ունենում են հետևանքներ, որոնք ազդեցություն են ունենում քաղաքական, հանրային կյանքում։ Դրանք շրջանցվել չեն կարող։


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական մի քանի պատգամավորներ, բանակի բարձրագույն սպայակույտի ներկայացուցիչներ կորոնավիրուսով վարակվել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի օրը։


Եթե իշխանությունները` վարչապետի գլխավորությամբ, իրենք չունեն սոցիալական պատասխանատվություն, ինչպե՞ս են դա պահանջում հասարակությունից։ Հիմա տեսնում եք` ովքե՞ր և ինչպե՞ս են արժեզրկում հակահամաճարակային կամպանիան։


Եթե իշխանությունը պատշաճ վերահսկողություն չի կարողանում ապահովել անգամ վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը, ինչպե՞ս, ի՞նչ ռեսուրսներով է ապահովելու օրերս ուժի մտած որոշումը։ Ցանկացած անիրատեսական որոշում ավելի խոցելի է դարձնում հակահամաճարակային կամպանիան։ Այս թեմային դարձյալ չէինք անդրադառնա, եթե Փաշինյանի ու մյուսների հիվանդության հետևանքով չչեղարկվեր բանակի ձևավորման 30-ամյա տարեդարձին նվիրված պետական միջոցառումը։ Այս փաստը զանազան վարկածների, ասեկոսեների տեղիք տվեց։


ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում վարկած է շրջանառվում, որ իշխանավորների «կոլեկտիվ վարակը» հորինվածք է, որպեսզի չարժևորվի բանակի տոնը, հոբելյանական տարեդարձը, իբրև թե՝ Ադրբեջանին սիրաշահելու նպատակով։


Գուցե այս վարկածը դավադրային տեսության հետևանք է, հորինվածք, բայց երբ հասարակությունը չի հավատում պետական վարկածին, ապա դրա պատասխանատուն դարձյալ իշխանություններն են։ Թափթփվածությունն ու կեղծիքը, ապաշնորհությունն ու մանիպուլյացիան դարձել են այս իշխանության գործունեության հիմնական ձեռագիրը ու արդեն ձևավորվում է ահռելի մի անջրպետ իշխանության և հասարակության միջև։ Հայաստանում վստահության տոտալ ճգնաժամ է։


Վահրամ Բագրատյան

1/2108
bottom of page