Նրա մեքենան երբևէ գողության վայրում չի եղել․ փաստաբանը՝ Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու մասին
«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին երեկ՝ հունվարի 24-ին, իր տան բակից դիմակավորված անձինք բերման են ենթարկել ոստիկանություն՝ սրճեփ սարքը գողանալու կասկածանքով: MediaHub.am-ի հետ զրույցում Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ այս գործով Շիրինյանը որևէ կարգավիճակ չունի։ «Նրան հարցաքննել են ու դուրս ենք եկել»։
Նա նշեց, որ խոսքը 2021 թվականի օգոստոսի 26-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից սրճեփ սարքի հափշտակության մասին է: Երեկ ոստիկանությունից գրություն են ուղարկել, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է սրճեփ սարքը հափշտակվել է «Լեքսուս» մակնիշի համապատասխան պետհամարանիշներով ավտոմեքենայով, որը պատկանում է Սայաթ Շիրինյանին: Այս հիմքով էլ ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել: Հարցին՝ հանցագործության պահին Շիրինյանի մեքենան այդ վայրում եղե՞լ է՝ Գալստյանը պատասխանեց․
«Շիրինյանի մեքենան երբևէ այդ վայրում չի եղել»։ Դիտարկմանը, որ շփոթությա՞ն արդյունք է եղել՝ նա պատասխանեց․ «Շփոթության արդյունք չի եղել, ես այստեղ միտում եմ տեսնում օպերատիվ հետախուզական մարմնի կողմից»։
Արմինե Նավոյան