top of page

Էր Ռիադը Պարսից ծոցի երկրներին խնդրել է համալրել Patriot հրթիռների իր պաշարները



Սաուդյան Արաբիան դիմել է Պարսից ծոցի մի շարք երկրների՝ խնդրելով օգնել համալրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար որսացող հրթիռների իր պաշարները՝ Եմենի հութիների հաճախացած հարձակումների պատճառով, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։


«Սա հրատապ հարց է։ Էր Ռիադը կարող է որսացող հրթիռներ ստանալ Պարսից ծոցի մի շարք երկրներից, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս տարբերակը կարող է ավելի արագ լինել, քան ուղիղ մատակարարումը ԱՄՆ-ից»,- թերթին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա գնահատմամբ, հրթիռները կարող են սպառվել մի քանի ամսից, ընդ որում՝ այլ երկրներից հրթիռների գնումը պետք է հաստատի ամերիկյան վարչակազմը։


Բանակցությունների ընթացքին ծանոթ մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիան «ընկերներից» պարտքով է խնդրել հրթիռները, թեեւ նրանց հրթիռների պաշարը եւս այնքան էլ մեծ չէ։


Պարբերականի կողմից հարցման ենթարկված փորձագետների կարծիքով՝ այս միջոցը կարճաժամկետ փրկություն կլինի այն ժամանակահատվածի համար, քանի դեռ ԱՄՆ-ից անմիջապես գնված հրթիռները չեն հասնի թագավորություն։

Իրավիճակը բարդանում է Եմենի պատերազմի վերաբերյալ հանրապետականների եւ դեմոկրատների քննադատությամբ, ինչպես նաեւ թագավորությունում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով, գրում է թերթը։


Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ 2021 թվականին հութիները 375 հարձակում են իրականացրել՝ օգտագործելով հրթիռներ, արկեր եւ անօդաչու սարքեր։

1/2102
bottom of page