Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են, որի հաջորդ օրը նախագահը մեկնել է երկրից ու չի վերադարձել
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ է հանդես եկել, որում անդրադարձել է հրաժարական ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանին:
Ղազարյանը մասնավորապես գրել է.
«2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։
Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին...
Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։ Հետագայում հրապարակված դիմումից պարզ է դարձել, որ դրա վրա դրված է մեկ էլեկտրոնային ստորագրություն (առանց էլեկտրոնային ստորագրության մյուս վավերապայմանների) բացակայում է ամսաթիվը (նշված է միայն 2022 թվականի հունվար, սակայն նշված չէ օրը), հերթական համարը (չնայած նշված է ՀՆ- ․․․․ հերթական համարակալման առաջին տառերը, սակայն բացակայում է թիվը), չկա որևէ նշում ՀՀ նախագահի աշխատակազմից դրա ելքը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմում դրա մուտքի հաստատելու (կնիք՝ ամսաթվով և գրանցման հերթական համարով) մասին։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահի հրաժարականի մասին շրջանառվող «փաստաթուղթը» չունի դրան ներկայացվող վավերապայմաններ, ունի անհասկանալի ծագում։ Պարզ չէ նաև, թե նախագահի աշխատակազմից կիրակի գիշերը ով է դա առաքել Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի աշխատակիցներից ով է դա ընդունել՝ ժամը 23․00-ի սահմաններում, որի մասին հայտնեն ճամփորդության մեջ գտնվող ԱԺ նախագահին և նրա հանձնարարությամբ մամուլի ծառայության միջոցով տեղեկատվություն հաղորդեն հանրությանը։ Ընդ որում` սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմերում գործում է գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման և կանոնակարգման հստակ կարգ և ավանդույթներ»,- գրել է նա։
Аuroranews-ը կապ է հաստատել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ: Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի Արմեն Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին Ղազարյանի գրառումը, ասաց.
«Հունվարի 13-ին Արմեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև հանդիպում եղել է, որի մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Ինչ վերաբերում է դրանից հետո Սարգսյանի մեկնմանը` մենք էլ հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ ենք մեկնել...հետո՞:
Հրաժարականի դիմումի վրա ամսաթվի ու հերթական համարի բացակայության մասին Էդգար Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան Ծովինար Խաչատրյանն ասաց, որ Սարգսյանի հրաժարականի դիմումը ստացվել է էլեկտրոնային տարբերակով` Mulberry էլեկտրոնային համակարգի միջոցով, որն էլ ավտոմատ ֆիքսել է ամսաթիվը: