top of page

Սա միանշանակ քաղաքական հետապնդում է իմ դեմ․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ որդուն կալանավորելու մասին



«Սա միանշանակ քաղաքական հետապնդում է իմ դեմ, իմ որդին այս պահին կալանավայրում է»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը՝ անդրադառնալով իր որդու կալանավորմանը։


Անդրադառնալով իր դեմ տեղի ունեցող իրավական գործընթացին, Անդրեասյանը նշեց, որ դրանք ընթացքի մեջ են, առաջիկայում պարզ կլինի, իսկ մոտ օրերս ինքը ելույթ կունենա, որտեղ մանրամասն կանդրադառնա իր և իր որդու դեմ իրականացվող գործընթացներին։


Հարցին՝ համայնքապետարանում իր լիազորությունների ավարտից հետո հանձնում-ընդունում իրականացվե՞լ է՝ Անդրեասյանը պատասխանեց․ «Ինձանից ոչ մեկ ոչ մի բան չի պահանջել, ես չեմ հասկանում ինչ է կատարվում, այս անօրինական նշանակումներն ու մնացածը, բայց դրանք արդեն վիճարկման խնդիր են, որը վիճարկելու ենք, ընթացքը ցույց կտա»։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին:


Հավելենք, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:


Արմինե Նավոյան

1/2098
bottom of page