top of page

ՌԴ-ի համար Թուրքիան ազգային անվտանգության սպառնալիք է


Ռուսաստանն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Ռուսաստանը մեսիջ է հղում Թուրքիային, որ Անկարայի պանթուրքական նկրտումները Մոսկվայի համար անընդունելի են և ռուսական ռազմա-քաղաքական ղեկավարությունը կոշտ արձագանքելու է իր տարածքի նկատմամբ որևէ ոտնձգությանը: Պանթուրքական շրջանակներն Անկարայում ցանկանում են միավորել հետխորհրդային թյուրքախոս երկրները՝ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը, սակայն այդ տարածաշրջաններում իրենց կենսական շահերն ունեն նաև այլ խաղացողներ՝ ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը: Կենտրոնական Ասիայի երկրներից շատերը՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ են՝գտնվում են ռուսական ազդեցության գոտում, Մոսկվայի կողմից առաջ մղվող ինտեգրացիոն միավորումների անդամ են, այդ երկրներում են տեղակայված ռուսական զորքեր: Ադրբեջանը վերածվում է Անկարայի համար ռազմա-քաղաքական, տնտեսական պլացդարմի՝ Կենտրոնական Ասիայում, ՌԴ-ի և Իրանի թյուրքախոս շրջաններում էքսպանսիա իրականացնելու համար: Այդ պատճառով Լավրովը, զգուշացնելով Թուրքիային, նաև հասկացնում է Ադրբեջանին, որ այդ երկիրը չպետք է վերածվի թուրքական մարզի՝ռուսական սահմանների հարևանությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ակտիվ ներթափանցում է ՌԴ-ի թյուրքախոս տարածաշրջաններ՝ դպրոցների, մշակութային տների, տնտեսական նախագծերի տեսքով՝ կիրառելով այսպես կոչված «փափուկ ուժ»(«soft power»): Նշենք, որ ռուս-թուրքական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերը զարգանում են՝ կողմերն իրականացնում են բազմամիլիարդանոց համատեղ ծրագրեր: Սակայն Թուրքիան միշտ եղել է և մնալու է սպառնալիք ՌԴ-ի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, քանի որ Թուրքիան գտնվում է ՆԱՏՕ-ի կազմում՝ Արևմուտքի ռազմավարական դաշնակիցն է և լծակն է ընդդեմ ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի՝ իր պանթուրքական, պանիսլամական ծրագրերով: ՌԴ-Թուրքիա տնտեսական շահերը համընկնում են՝ ռուսական գազը սպառվում է թուրքական շուկայում և Թուրքիայի տարածքով արտահանվում է ԵՄ: Մոսկվան զգում է ֆինանսների կարիք, քանի որ ՌԴ-ն տարիներ շարունակ իր վրա է կրում Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների բեռը: Իր հերթին, Թուրքիան հետաքրքրված է ռուսական գազով և ցանկանում է դառնալ էներգետիկ կարևոր միջանցք ԵՄ-ի համար՝ բարձրացնելով իր գեոպոլիտիկ դերն Արևմուտքի համար: Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերությունները միշտ մնալու են լարված և մրցակցային՝ Անկարան և Մոսկվան հավակնում են իրենց ազդեցությունը տարածել Կենտրոնական Ասիայում, հետխորհրդային տարածքում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում: Անկարան հետխորհրդային տարածքում առաջ է մղում պանթուրքական ինտեգրացիան, իսկ Մերձավոր Արևելքում՝ նեոօսմանական ռազմավարությունը: Անկարայի այս երկու ծրագրերն էլ հարվածում են ռուսական գեոպոլիտիկ շահերին:

Արտյոմ Բալասանով


1/2384
bottom of page