ԱՄՆ-ՌԴ հակասությունները հանգեցնելու են ցուգցվանգային իրավիճակի
Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով: Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո հայտարարել է ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։
«Մենք թույլ չենք տա որևէ մեկին հակազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչը դաշինքի համար միշտ կարևոր է եղել։ Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից ինքնիշխան պետությունների հետ, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ, և չենք ընդունի որոշումներ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, կամ ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կրկին սրվում են և ստանում են «սառը պատերազմի» բնույթ, քանի որ Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն չի ցանկանում փակել Դաշինքի դռները Կիևի և Թբիլիսիի առջև: ՌԴ-ԱՄՆ հակասությունները խորն են և Վաշինգտոնը չի ցանկանա գնալ որևէ զիջման Մոսկվային, քանի որ դա ՆԱՏՕ-ում, Եվրոպայում կարող է ընկալվել թուլության նշան կամ աշխարհի նոր բաժանում՝ ազդեցության գոտիների: ՌԴ-ն չի ցանկանում ՆԱՏՕ-ի նոր ընդլայնում. Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը Դաշինքին ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներն ընդհուպ մոտեցնելու է ռուսական սահմաններին՝ վտանգելով ՌԴ-ի ազգային անվտանգությունն ու փոխելով ռազմական բալանսը:
Իրավիճակը ցուգցվանգային է: Եթե Մոսկվան չստանա Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու ամերիկյան հստակ երաշխիքներ, ապա ստիպված է լինելու հարցը կարգավորել ռազմական ճանապարհով՝ ներքաշվելով պատերազմի մեջ ուկրաինական ճակատում: Դա իր հետ բերելու է մարդկային կորուստներ, տնտեսական ավելի խիստ պատժամիջոցներ Արևմուտքի կողմից, բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելի մեծ ռազմական օգնություն կտրամադրեն Կիևին:
Դիվանագիտական աշխատանքները շարունակվելու են և երկու գերտերությունները՝ ԱՄՆ և ՌԴ-ն, փորձելու են գտնել փոխզիջումային տարբերակներ, սակայն Վաշինգտոնն անզիջում է՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հարցում, ինչն արդեն Մոսկվայի համար է անվտանգային «կարմիր գիծ»:
ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հարաբերությունների հետագա վատթարացումն անդրադառնալու է նաև հետխորհրդային տարածաշրջանի վրա: Մոսկվան պահանջելու է հետխորհրդային երկրներից, դաշնակիցներից ավելի խորը ինտեգրացիայի գնալ ՌԴ-ի հետ՝ այդ թվում Միութենական պետության շրջանակներում, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ երկրներն արդեն չեն կարողանալու վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հատկապես արևմտյան ուղղությամբ:
Արտյոմ Բալասանով