top of page

Փաշինյանը կհայտնվի՞ Տոնոյանի կողքին



«Անորակ հրթիռների» գործով ավելի քան երեք ամիս կալանավորված պաշտպանության նախկին նախարարը բանտից երեկ անդրադարձել է քրեական գործին առնչվող մի շարք հանգամանքների՝ հայտարարելով, թե մինչ այս պահը զսպվածություն է պահպանել քաղաքական գործընթացներում:


Դավիթ Տոնոյանը բանտից՝ իր փաստաբանների միջոցով լրատվամիջոցների հարցադրումներին պատասխանելով գրել է. «Դեռևս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»: Տոնոյանը վստահեցնում է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։ «Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար»,-եզրափակել է Տոնոյանը։ ՊՆ նախկին նախարարի հեռակա հարցազրույցը մի շարք եզրահանգումների տեղիք է տալիս։ Տոնոյանը խոսում է «քաղաքական զսպվածության» մասին՝ ակնարկելով, որ եթե իր ազատության հարցը չլուծվի, կարող է խախտել լռության ուխտը ու հանդես գալ հայտարարություններով, որոնք, մեղմ ասած, բարենպաստ չեն լինի իշխանության համար։


Ինքնին հասկանալի է, որ Տոնոյանի խոսքի միակ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, որին էլ ՊՆ նախկին նախարարն, ըստ էության, գործարք է առաջարկում, որի գինն, ըստ ամենայնի, լինելու է «քաղաքական զսպվածության» պահպանումը՝ ազատության դիմաց։ Կասկածից վեր է, որ Տոնոյանը «քաղաքական զսպվածության» տակ հասկանում է լռությունը, որի անտարբեր խորքերում թաքցված են 44-օրյա պատերազմի շատ կարևոր հանգամանքներ։ Այս պարագայում, սակայն, մեզ ամենաքիչն են հետաքրքրում Փաշինյան- Տոնոյան հարաբերությունները, որովհետև ՊՆ նախարարը վստահեցնում է, որ «պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի»։ Այլ խոսքով՝ գեներալը հասկացնում է, որ իր դեմ հարուցված քրգործը փուչիկ է ու տեղի է ունենում իրեն պարտության «մեղավոր» նշանակելու օպերացիան։ Հենց սա է Տոնոյանի հարցազրույցի բանալին․ նա ակնարկում է, որ չի հաշտվելու պարտության «միակ մեղավորի» կարգավիճակի հետ՝ հասկացնելով, որ հնարավոր մեղադրյալի կամ դատպարտյալի աթոռին՝ իր կողքին, իսկ գուցե նաև իրենից առաջ, լինելու է հենց Փաշինյանը։ Վահրամ Բագրատյան

1/2108
bottom of page