top of page

Փաշինյանի տարօրինակ այլաբանությունը


Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոչ նորմատիվային բառապաշարով էր խոսել հակահամաճարակային քաղաքականության մասին, ինչի հետևանքով հայտնվել է երկրի աջ և ձախ ընդդիմադիր ուժերի քննադատության թիրախում։ Սա բնական է ցանկացած կայացած քաղաքական համակարգի համար, որտեղ գործում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, քաղաքական խոսքն ունի արժեք։


Հայաստանում միանգամայն այլ պատկեր է, հատկապես՝ վերջին երեք-չորս տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներն աչքի են ընկնում ոչ նորմատիվային բառապաշարով, կենցաղային մակարդակի վիրավորանքներով։ Կառավարության այս տարվա առաջին նիստում Փաշինյանն անդրադարձել է Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումներին ու բառացիորեն ասել է․


«Այսինքն, ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է, բացառությամբ այն դեպքերի, երբ որ մարդն իր ձեռքում ունի ուղղակի, այսինքն՝ եթե խորհրդային հայտնի բառապաշարով խոսենք ծխախոտը պետք է «տակից» վաճառեն»։


Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի վարչապետը խոսում է կառավարության կոնկրետ բարեփոխման մասին ու օգտագործում է արտահայտություն, որը սովետական տարիներին ասոցացվում էր ոչ ֆորմալ հարաբերությունների, չարաշահումների, մեծ իմաստով՝ կոռուպցիայի հետ։ Դժվար է պատկերացնել, որ հասարակությունը՝ վարչապետի նման մտածողության պարագայում, կարող է դրական կարծիք ձևավորել հակածխախոտային սահմանափակումների, դրանց ռացիոնալիզմի վերաբերյալ։ Առանց այն էլ՝ Հայաստանում կիրառվում են աշխարհում ընդունված սահմանափակումները, բայց կառավարությունն, որպես կանոն, մոռանում է քաղաքացիներին առաջարկել սոցիալական կոնկրետ երաշխիքներ։ Առանց դրանց՝ որևէ սահմանափակում նմանվում է պատժի կամ գործնականում չի կիրառվում։


Կրթական, սոցիալական ծրագրերի միջոցով հանրային գիտակցությունը պետք է ընդունի ծխախոտի վնասակարությունը, առողջ ապրելակերպի կարևորությունը, հակառակ պարագայում՝ սահմանափակումները դառնում են ձևական կամ էլ հանգեցնում են տնտեսության տվյալ ճյուղի կրճատմանը՝ անխուսափելի թանկացումների հեռանկարով։ Վահրամ Բագրատյան

1/2102
bottom of page