Փարաքարի դասերը․ 11-ը մե՞ծ է 10-ից
Փարաքարում երրորդ փորձից էլ չհաջողվեց համայնքապետ ընտրել. մանդատներ ստացած երեք ուժերը համաձայնության չեն հասնում ու նիստ անցկացնել չեն կարողանում, երեկվա բանավեճի պատճառն էլ նիստը վարողի շուրջ անհամաձայնությունն էր: Մեկ ամիս առաջ կայացած ընտրություններով ամենաշատ ձայներ հավաքած «Ապրելու երկիրը»՝ 10 մանդատ էր ստացել, համայնքապետի պաշտոնում առաջադրել էր ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանին ու խմբակցության կազմով ընտրել էր նրան, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի 11 անդամներն էլ իրենց հերթին Մինասյանին էին համայնքապետ ընտրել։
Վարչական դատարանը տարեվերջին անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունը, գործընթացը պետք էր նորից սկսել։ Թվում է՝ պատկերը միանգամայն պարզ է․ 11-ը մեծ է 10-ից, հետևաբար՝ ոչինչ չի խանգարում ՔՊ-ին ու «Դավիթ Մինասյան» դաշինքին ձևակերպել իրենց հաղթանակը, իսկ «Ապրելու երկիրը» պետք է հրաժարվի իր հավակնություններից։ Սակայն՝ եթե մեկ ամիս համայնքապետ չի ընտրվում, ապա խնդիրն ավելի բազմաշերտ է ու չի կարող հանգուցալուծվել մեխանիկական քվեարկությամբ։ Իսկապես 11-ը մեծ է 10-ից, բայց տեսանելի է, որ փողոցն այս պարագայում ավելի շատ աջակցում է փոքրամասնության մեջ հայտված թիմին ու նրա թեկնածուին։ Մյուս կողմից, համամասնական ընտրակարգի տրամաբանությունն է հուշում, որ քաղաքական ուժերի կոմպրոմիսների, կոալիցիաների ձևավորման արդյունքում է ձևավորվում տեղական իշխանությունը։
Ուրեմն, գործ ունենք քաղաքական համակարգի անկատարության, ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգի ներդրման ընթացքում թույլ տրված ինստիտուցիոնալ ու օրենսդրական բացերի հետ, որոնք թույլ են տալիս նման ֆորս-մաժորային իրավիճակների հնարավորություն։ Փարաքարում հաղթանակ տարած ուժերը վաղը փորձելու են, այսպես ասած, համատեղ կառավարման մոդել ներդնել։ Անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ, թե ինչ է հասկացվում դրա տակ, որովհետև համայնքապետի պաշտոնն ընդամենը մեկն է, բացի այդ՝ վստահ չենք, որ արհեսատական կոալիցիաները ճգնաժամի հաղթահարման հաջող դեղատոմս են ու կարող են համայնքային համերաշխության հիմքեր ստեղծել։ Եթե 21 անդամից բաղկացած ավագանու քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը, այնքան էլ վստահ չեն, որ իրենց պարագայում 11-ը մեծ է 10-ից, ապա, թերևս, ելքն արտահերթ ընտրություններն են՝ չնայած դրանց որակը երաշխավորված չէ ու չկան երաշխիքներ, որ նոր ավագանին կարող է ավելի արդյունավետ գործել ու ազատվել այսօրվա փակուղային ստատուս-քվոյից։
Վահրամ Բագրատյան