Մոսկվայի կոշտ պատասխանը Բաքվին
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին», այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:
Լուկաշևիչի այս հայտարարությունը պետք է համադրել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 14-ի ասուլիսում հնչեցրած այն ձևակերպման հետ, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանզատման ու սահմանագծման գործընթացը պետք է տարանջատել ԼՂ խնդրից։ Մոսկվայից հնչող այս հայտարարությունները պատահական չեն ու անուղղակի և կոշտ արձագանք են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս հնչեցրած հոխորտանքներին, որոնցով կասկածի տակ էր դրվել ՄԽ գործունեությունը՝ հակամարտությունն իբրև թե լուծված լինելու հիմքով։
Մոսկվայից անմիջապես հակադարձում են Բաքվին, ինչը վկայում է այն մասին, որ ռուս- ադրբեջանական հարաբերություններում որոշակի ճգնաժամ է առկա՝ պայմանավորված թե ընթացիկ քաղաքականության օրակարգով և թե ավելի գլոբալ համատեքստով։ Մոսկվան պատերազմից հետո մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը դեռ առջևում է, իհարկե՝ ակնարկելով, թե կարգավիճակի քննարկումը պետք է թողել ավելին ուշ ժամանակների, երբ դրա համար կլինեն բարենպաստ պայմաններ։
Մյուս կողմից, պարզ է, որ ԼՂ խնդրի ճակատագիրն ուղղակիորեն փոխկապակցված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հետ։ Երբ Բաքվում պնդում են, թե ԼՂ խնդիրը լուծված է, անուղղակիորեն ակնարկում են, թե 3-4 տարի անց ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտություն չկա։ Մոսկվան, բնականաբար, այդ մոտեցումը չի ընդունում՝ հասկացնելով, որ իր առաքելությունը տարածաշրջանում դեռ երկար ժամանակ անելիք ունի։
Մյուս կողմից, եթե պաշտոնական Երևանը դիվանագիտական նախաձեռնողականություն չցուցաբերի, ապա ԼՂ խնդիրը մնալու է ռուս- ադրբեջանական հարաբերությունների տիրույթում՝ հայկական կողմից թողելով առանց դիվիդենտների։
Վահրամ Բագրատյան