Կմասնակցի՞ ԼՀԿ-ն այսօրվա հանրահավաքին․ Դավիթ Խաժակյանն իր հարցերն ունի ընդդիմությանը

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ, փակելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, իրազեկման ակցիա իրականացրին․ նրանք հանրությանը տեղեկացրին, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու հստակ պահանջով՝ ներկայացնել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետը։ Նրանք մարդկանց կոչ արեցին չլռել և միանալ իրենց։
Կմիանա՞ այդ պահանջին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը․ MediaHub.am-ը զրուցել է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ։
«Նման քննարկում կուսակցության շրջանում չի եղել։ Մենք արձանագրել ենք, որ ընտրություններից անցել է 4-5 ամիս, և հարցադրում է հնչել՝ արդյոք քաղաքացիների մեջ կա՞ դիրքորոշման փոփոխություն ընտրությունների վերաբերյալ, այսինքն՝ եթե վաղը լինեն ընտրություններ, կփոխվի՞ պատկերը։ Ընդհանուր տեսակտեն այն է եղել, որ հնարավոր փոփոխութուն կարող է լինել ընդդիմության շարքում, քանի որ, ուզենք թե ոչ, իշխանության ձայների կորուստ այս կարճ ժամանակահատվածում չի նկատվել»,- նշեց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի առջև ծառացած են բազում մարտահրավերներ, որոնցից շատերն այս իշխանությունները չեն կարողանում հաղթահարել, բայց դա չի հանգեցրել իշխանության նկատմամբ քաղաքացիների տրամադրության փոփոխության։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ քայլեր է իրականացնում ԼՀԿ-ն, ի՞նչ է անում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ իրենք գործակցում են միջազգային կազմակերպությունների հետ։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գտնվում է Նյու Յորքում, տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հետ հանդիպումներ է անցկացնում։
«Փորձում ենք մեկտեղել ուժերը՝ արտաքին հարթակում մարտահրավերների դիմագրավելու համար։ Այդուհանդերձ, այս խնդիրները հնարավոր է հաղթահարել բանակը հզորացնելով, մեր սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու միջոցով, բայց և տեսնում ենք, որ այս մեկ տարվա ընթացքում բավարար քայլեր չեն իրականացվել այդ ուղղություններով»,- նկատեց կուսակցության ներկայացուցիչը։
Դիտարկմանը, թե արդյոք նպատակահարմա՞ր չէ ներքին խնդիրների մասին բարձրաձայնելու համար փողոցային պայքարի դուրս գալ, Դավիթ Խաժակյանն արձագանքեց, որ ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ են անցել, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հիմա կխոսեն իշխանափոխության մասին, պետք է հստակորեն ասեն՝ իրենք տեսնո՞ւմ են արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորություն։
«Եթե տեսնում են, ապա հանրությունը թող քննարկի, թե արդյոք այդ տեսակետը ողջամի՞տ է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Ըստ նրա՝ եթե քաղաքական ուժերը չեն տեսնում արտահերթ ընտրություններով իշխանափոխության հնարավարություն, ապա տրամաբանական չէ պարզապես պահանջել իշխանափոխություն։
Նարե Գևորգյան




















