Պատմական մանրամասներ՝ Ճակատենի մասին (լուսանկարներ)

Կապանի երկրագիտական թանգարանը հոդված է հրապարակել Ճակատենի մասին, որը ներկայացնում ենք ստորև․
«Ճակատենը Բաղաց լեռների արևելյան լեռնաբազկի բարձունքի ճակատկողմին է: Գտնվում է Կապանից 10 կմ հեռավորության վրա, ունի ծովի մակարդակից 1100 մ բարձրություն: Հայտնի է դեռևս վաղ միջնադարից: Տաթևի վանքի «Քյոթուկ» հարկացուցակի մեջ Գիլաբերդ գավառում հիշված են 12 գյուղ` Գոն, Ճկտեն, Մարուր, Մառագետ, Խազազաձոր, Չխուրուրդ, Գյուլմեշա, Իրիկիս, Նոր գեղ, Նոխութլու, Ալթունանց, Ըռստամանց: Ճկտենի հարկը կազմել է 1200 բեռ: 1604 թվականի Շահ Աբասի բռնագաղթից հետո հայաթափվել է: Ըստ պատմական աղբյուրների, գյուղը հետագայում հիմնադրվել է Իրիգիս կոչվող հանդամասում:
Ըստ ավանդույթի Ճակատեն գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի վերջին, երբ Իրանից տեղահանված Մելիք Աղագուլյաններն և Կարախանյանները բնակություն են հաստատել այստեղ։ Չորս եղբայրներ իրենց ընտանիքներով գալիս են հարավից ու հիմնում այս գյուղը: Եվ երբ տեղացիները հարցնում են, որտեղից եք եկել, նրանց պատասխանը լինում է` ճակատը տեն, այսինքն այն կողմից՝ հարավից, որից էլ գյուղը ստանում է Ճակատեն անվանումը:
9-րդ դարի սկզբին գյուղը պատճառներով տեղափոխվել և հիմնադրվել է ներկայիս տեղում: Տեղաբնիկները ավանդում են, որ գյուղի տեղափոխվելու պատճառը եղել են հիմնականում թուրքերը, ինչպես նաև վայրի կենդանիները՝ արջերը:
1830-ական թվականների ներգաղթից հետո գյուղն աստիճանաբար ընդլայնվել է: Հիմնականում այստեղ եկել են Ղարադաղից (Ղարադաղը (պատմական Արտավանյան կամ Մարաց ամուր աշխարհ) Ատրպատականի թեմի առավել հայաշատ գավառներից էր։ Կա ավանդույթ, որ վերաբնակներ են եղել նաև Հունաստանից:
1831 թվականին գյուղը ունեցել է 78 բնակիչ, 1873թ.`183, 1886թ.` 351, 1908թ.` 509, 1914թ.` 290, 1919թ.` 760, 1922թ.` 648, 1926թ.` 641, 1931թ.` 745, 1939թ.`596, 1959թ.` 249, 1970թ.` 231, 1979թ.` 188: Գյուղում է գտնվում 10-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին, 17-րդ դարում վերակառուցված կամուրջը, շրջակայքում կան մի քանի գյուղատեղեր` Շինատեղ, Գեղեցուխութը, Իրիգիսը, Գրմեշան, Շնդռենը, 1911 թվականին Հովհաննես Ղարախանյանի բարերարությամբ կառուցվել է գյուղի դպրոցը:
Եկեղեցու մոտ կան կաղնու ծառեր, որոնց մոտ գյուղացիները մոմեր էին վառում։ Բնապաշտական հավատալիքների համաձայն, տեղացիների համար այդ ծառերը սուրբ էին համարվում եւ ոչ մի դեպքում չէին հատում դրանք, որպեսզի դժբախտություն չպատահի: Ասում են, որ ծառերը հատելու փորձ եղել է, և ծառը կտրողը օրվա վերջում իմացել է, որ վախճանվել է իր զավակը։ 1736 թվականին Ճակատենով է անցել Աբրահամ Կրետացի կաթողիկոսի շքախումբը, որ վերադառնում էր Մուղանի դաշտավայրից` Նադիր Շահի օծման արարողությունից: Ալիշանի վկայությամբ 1697 թվականին Վենետիկում հայտնի էր Անում Չքետեցին (ճակատենցի), որ հայտնի առևտրական էր հարևան Գոն գյուղացի Մահտեսի Աբելի հետ:
Ճակատենը նաև Դավիթ Բեկի շրջանում եղել է ռազմական գործողությունների վայր:
Տեղի ու շրջակա գյուղատեղիների եկեղեցիներն ու մատուռները հանդիսանում են տեղաբնիկների ուխտագնացությունների, մատաղների, եկեղեցական տոներին այցելությունների սիրելի վայրերը: Սրբավայր ու մոմավառության կենտրոն է հանդիսանում նաև Իրիգիս գյուղատեղում գտնվող վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտը:
Ճակատենցիները լավ առևտրականների համբավ ունեն: Հարևան գյուղերի բնակիչները ճակատենցիներին համարում են խնայող, փողի արժեքը իմացող մարդիկ: Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, ալպիական ծաղիկներով, բազմատեսակ կենդանիներով, մեղմ կլիմայով:Խորհրդային տարիներին տնտեսության առաջատար ճյուղերն էին անասնապահությունը, հացահատիկի, ծխախոտի արտադրությունը, շերամապահությունը»:




