Իշխանության ծանր շաբաթը
Այսօր մեկնարկում է հերթական նստաշրջանը, որի առաջին քառօրյան ծանր է լինելու իշխանության համար։
ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Թվում է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ու ՔՊ-ն անհանգստանալու մեծ առիթ չունեն, համենայն դեպս մաթեմատիկական մեխանիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Գրիգորյանը հանգիստ ընտրվում է։ Բայց ամեն բան այդքան էլ հարթ ու պարզ չէ ինչպես թվում է առաջին հայացքից։
Քրիստինե Գրիգորյանը որպես ՄԻՊ թեկնածու, կոնսենսուսային չէ ոչ միայն հայաստանյան քաղաքական, մասնագիտական, փորձագիտական շրջանակներ համար, այլ նույնիսկ իշխանության վերնախավում։ Բանն այն է, որ նա առաջադրվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությամբ ու քիչ չեն այն ՔՊ-ականները, ովքեր պատերի տակ բողոքում են կադրային հերթական «հանճարեղ» լուծումից։
Իհարկե, քիչ հավանական է, սակայն չի բացառվում, որ ՔՊ խմբակցության որոշ անդամներ փակ քվեարկության ժամանակ սաբոտաժի դիմեն վիժեցնելով Գրիգորյանի ընտրությունը։ Սա նշանակում է, որ իշխանությանը ծանր շաբաթ է սպասվում. նա պետք է կոնսոլիդացնի բոլոր ռեսուրսները սեփական թիմի քվեարկությունը կանխատեսելի դարձնելու համար։
Մյուս կողմից, այս քվեարկության ժամանակ իշխանության բոնուսն ընդամենը 7 ձայն է, ընդ որում ՔՊ խմբակցության երեք պատգամավորներ գտնվելու եմ ԱՄՆ-ում ու եթե մի քանիսն էլ տարբեր պատճառներով բացակայեն, ՄԻՊ ընտրության գործընթացը ռիսկային է դառնում։ Նիկոլ Փաշինյանի համար ՄԻՊ ընտրության ձախողումը շատ վատ ազդանշան կարող է լինել, որովհետև, մի կողմից, դա կարող է նշանակել, որ նրա թիմը կոնսոլիդացված չէ, մյուս կողմից` գործող վարչապետի համար անցանկալի շռայլություն կլինի ԱԺ ինքնուրույնության որևէ դրսևորում։ Փաշինյանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել ողջ իշխանությունը, այս նպատակով տրվել է նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը։ Այս փուլում Փաշինյանի ցանկացած ձախողում կարող է նրա թուլության, նեթիմային անվերահսկելի հակադրությունների առիթ դառնալ։
Վահրամ Բագրատյան