Ինչո՞ւ նախահարձակ եղավ Ալիևը․ նա ցայտնոտի մեջ է
Նախօրեին Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ գործողությունները նպատակ ունեին նախապատրաստելու Իլհամ Ալիևի երեկվա ասուլիսի քարոզչական ֆոնը։ Կարելի է պնդել, որ Ադրբեջանի նախագահի ասուլիսը տեղավորվում էր, այսպես կոչված, արտահերթ ռեժիմում ու արձագանք էր ղազախական իրադարձությունների համատեքստում ստեղծված նոր իրողություններին։ Ալիևի երեկվա «ինքնավստահ» տոնը երկու բաղադրիչ ունի։ Նախ, նա փորձեց իր հանրությանը ցույց տալ, որ երկրում վերահսկում է իրավիճակը՝ անուղղակի հակադարձելով բոլոր այն մեդիա ու փորձագիտական կանխատեսումներին, որ ղազախական սցենարը մետ ապագայում կարող է կրկնվել Ադրբեջանում։
Մյուս կողմից, Ալիևի «ինքնավստահությունը» համոզիչ չէր լինի, եթե նա հանդես չգար ագրեսիվ բնույթի արտաքին քաղաքական հայտարարություններով, որոնք, ըստ էության, ուղղված էին միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը համոզելուն, որ ղազախական իրադարձություններով պայմանավորված նոր իրողությունները չեն կարող խմբագրել 44-օրյա պատերազմի հետևանքները։ Նիկոլ Փաշինյանը ղազախական իրադարձությունների ֆոնին փորձեց որոշակի PR անել, իհարկե՝ համոզված ենք՝ ոչ այնքան Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները մեծացնելու, որքան՝ սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով։ Երեկ Ալիևը Հայաստանի վարչապետին հասկացրեց, որ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը ֆորմալ բնույթ է կրում, ինչից ոգևորվել պետք չէ։ Իհարկե, Ադրբեջանի նախագահի մեսսիջի մյուս հասցեատերը Ռուսաստանն էր, որի խաղաղապահ առաքելությունն Արցախում արժանացավ Ալիևի մի քանի «քաղցր» դիտողության։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», - երեկ ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով․
«Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։ «Հաղթած» Ալիևն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է․ նա ցանկանում է օր առաջ դիվանագիտական հարթության վրա ձևակերպել 44-օրյա պատերազմի արդյունքները՝ իրականում չկարողանալով թաքցնել իր մտավախությունները, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացները կարող են նոր իրավիճակ ստեղծել նաև մեր տարածաշրջանում։ Ալիևի հույսն այն է, որ իր «ցայտնոտը» հաղթանակով կավարտվի, որովհետև հայաստանյան նրա գործընկերը շախմատից ոչինչ չի հասկանում։
Վահրամ Բագրատյան