Ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը», - հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։