top of page

Ադրբեջանը պատերազմի ռեսուրս չունի, իսկ Թուրքիան էլ համարձակություն չունի․ Գեղամ Նազարյան



«Ադրբեջանը, սկսած սեպտեմբերի 27-ից, այլևս ինքնուրույն պետություն չէ, և Իլհամ Ալիևը ուզած-չուզած կատարում է Անկարայից եկած հրահանգները։ Ղազախական դեպքերից հետո Ադրբեջանի ակտիվությունը, իրավիճակի լարումը, Ալիևի ճոռոմաբանությունները հենց դրա մասին են վկայում»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ալիևի կողմից նոր պատերազմ սկսելու հավանականության մասին հարցին։ Նազարյանի խոսքով, նոր պատերազմի ռեսուրս Ադրբեջանը չունի, իսկ Թուրքիան էլ համարձակություն չունի․


«Ես բացառում եմ տեղական մակարդակով ևս մեկ պատերազմ, ուղղակի հայաստանյան իշխանությունների անթույլատրելի չակերտավոր խաղաղասեր, հեզաճկուն պահվածքից Ալիևը շարունակում է ցինիկ հայտարարություններ անել, որը հարիր չէ ցանկացած երկրի ղեկավարին, բայց սա իրենց խնդիրն է, մեր խնդիրն է՝ այնպիսի կեցվածք որդեգրել, այնպիսի երկիր ունենալ, որ նման թափթփուկ երկրի թափթփուկ առաջնորդն իրեն իրավունք չվերապահի նման կերպ խոսել հարևան երկրի հետ ու սպառնալ»։


Հարցին՝ Ադրբեջանի ղեկավարի կողմից հայկական բանակը թույլ որակելը ևս ներքին լսարանի համար է՝ Նազարյանը պատասխանեց․


«Դա ներքին լսարանի համար էր, ուղղակի նաև հայաստանյան լսարանի վրա հոգեբանական ճնշում է ուզում գործադրել՝ օգտվելով այս իրավիճակից»։


Անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս երկրների միջև այլևս հարաբերություններ չկան․


«Սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանը կորցրել է այդ հարաբերություններ ունենալու իրավունքը, արդեն գոյություն ունեն ուղիղ հրահանգներ, որոնք Ալիևը փորձում է հարկ եղած դեպքում չկատարել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը, բայց հստակ է, որ Ալիևը Թուրքիայի հետ հարաբերություններում որոշիչ ձայն չունի։ Երբ որ մի երկրի զինվորական ղեկավարություն գալիս է մեկ այլ երկրի զինվորականներին տնային կալանքի է ենթարկում, այդ երկրի տարածքը օգտագործելով պատերազմ է մղում, դրանից հետո այդ երկիրը չի կարող ինքնուրույն պետություն լինել։ Մնում է միայն դերասան, խամաճիկ ղեկավար, որը, 5 տարեկան երեխայի նման հոխորտալով, շրջում է, իմանալով, որ ուժեղ հայր կամ քեռի ունի, մինչև բերանը մի օր ջարդում են, շուտով բերանը կջարդեն, էլ տենց բաներ չի անի»։




1/2101
bottom of page