top of page

․․․Երբ բացակայում է քաղաքական մշակույթը



Օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի վերահսկել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նախագծով փոփոխություն է առաջարկվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:


Դոնթի բանաձևի համաձայն՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պետք է պատկանի «Հայաստան» խմբակցությանը ու օրենսդրական այս նախաձեռնությունը հրապարակ եկավ, երբ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը մեկ տասնյակից ավելի անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։


Դոնթի բանաձևը կոչված է երաշխիքներ ստեղծել ժողովրդավարական ինստիտուտների, մշակույթի զարգացման համար, ուժեղացնել ընդդիմության վերահսկողական գործիքակազմը։


Իհարկե, ՔՊ հեղինակած նախագիծը կասկածի տակ չի դնում Դոնթի բանաձևի գործողությունը, սակայն կարծում ենք՝ ստեղծված իրավիճակում, սա լավագույն լուծումը չէ։


Խնդիրը նույնիսկ օրենսդրական կարգավորումների մեջ չէ։


Եթե մենք ունենայինք քաղաքական, ինստիտուցիոնալ առումով կայացած ԱԺ, ապա կադրային այս հարցերը կլուծվեին կոմպրոմիսների դաշտում՝ առանց ավելորդ աղմուկի, փոխադարձ մեղադրանքների ու շահարկումների։


Բայց մեր ԱԺ-ն անտագոնիստական համակարգի ծնունդ է, որտեղ դոմինանտ են «սև-սպիտակի» հակադրության փաստարկմամբ առաջնորդվող ուժերը ու բնական է նման փակուղային իրավիճակների առաջացումը։


Երբ չի գործում քաղաքական մշակույթը՝ իր կարգավորումներով, ապա գործի է դրվում օրենքը՝ իմպերատիվ ուժով։


Իհարկե, այստեղ կարելի էր գտնել ավելի լիբերալ, ժողովրդավարական լուծում։


Կարծում ենք՝ Դոնթի բանաձևով խորհրդարանական ընդդիմությանը վերապահված պաշտոնների համար ԱԺ-ում առհասարակ պետք չէ քվեարկություն անցկացնել՝ ընդդիմադիր կոնկրետ խմբակցությանը թույլ տալով այդ պաշտոնի համար ընտրել իր համար նախընտրելի պատգամավորի։

1/2102
bottom of page