Երևան համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:
Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Դավիթ Անհաղթի զբոսայգին համայնքին վերադարձնելու և վարձակալի հետ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Հանգստի գոտին արդեն մի քանի տարի է՝ ինչ գտնվում է անմխիթար վիճակում:
«Վարձակալի հետ պայմանագրի լուծումն ինձ համար ինքնանպատակ չէ: Մեր համաքաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե այգին ում է պատկանում: Նրանց համար ամենակարևորը հանգստի գոտում նորմալ միջավայրի ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ:
«Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները, այն էլ՝ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը: