Բայդենի ոչ կոմպետենտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ոչ կոմպետենտությունն ու թույլ քաղաքականությունը կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին: Շաբաթ այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հաղորդում է ТАСС-ը:
«Բայդենի թուլությունն ու ոչ կոմպետենտությունը ստեղծում է երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ»,-ասել է նա:
Թրամփը հավելել է, որ Բայդենի նախագահության օրոք Հյուսիսային Կորեայում մեծացել է հրթիռների արձակումը՝ հասնելով ռեկորդային թվի, եւ բացատրել թույլ կառավարումն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումով:
Ելույթի ընթացքում հանրապետականը նաեւ խորհուրդ է տվել Սպիտակ տան ներկայիս ղեկավարին ուշադրություն դարձնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական միգրանտների շուրջ իրավիճակին եւ որպես առաջնահերթություն՝ զորքերն ուղարկել այնտեղ, ոչ թե Եվրոպա: «Նա պետք է պաշտպանի մեր սահմաններն այստեղ՝ Տեխասում»,-ասել է Թրամփը: «Մեր առաջնորդները պետք է կասեցնեն ներխուժումը մեր երկրում մախքան ուրիշ երկրներում ներխուժումների մասին զրույցներ վարելը»,-եզրափակել է նախկին նախագահը: