Աղբահանության հիմնարկի պետն ու տեղակալը ընդունել են իրենց մեղքը, վճարել պատճառված վնասի գումարը
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ՝ Կարեն Թորոսյանն ազատ են արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեղադրյալներ Արմեն Գրիգորգյանն ու Կարեն Թորոսյանն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետեւանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամ վնասը եւ ընդունել իրենց մեղքը:
«Նշված պայմաններում նվազել է վերջիններիս` նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաեւ, որ բացի Արմեն Գրիգորյանից եւ Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Կարեն Թորոսյանը՝ ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։
Ըստ մեղադրանքի՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երեւան համայնքին: