«Արմենպրես»-ի տնօրենը նոր պաշտոն ունի․ «Հրապարակ»
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։
Անանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն, որն իր մեկնարկը սկսեց որոշակի ձախողմամբ․ Երեւան-Մոսկվա-Երեւան անդրանիկ թռիչքի օրը պարզվեց, որ Ռուսաստանը թույլտվություն չի տրամադրել ռուսական ուղղություններով թռիչքների համար, եւ բոլոր չվերթները չեղարկվեցին, չնայած մեծ թվով տոմսեր էին վաճառվել եւ թռիչքներ նշանակվել։ Իսկ ինչո՞ւ որոշեց լրատվական դաշտում երկարամյա աշխատանքը փոխել բիզնեսի, այն էլ ավիացիոն բիզնեսի ոլորտով։
Արամ Անանյանն ասաց․ «Որովհետեւ մասնագիտական շարունակական աճի եւ մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչեւ նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի։