Ինչու՞ են Իտալիայում Ամանորին նվիրում կարմիր ներքնազգեստ. Նոր տարվա ավանդույթները տարբեր երկրներում
Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:
Ձեզ համար առանձնացրել ենք տարբեր երկրների Ամանորյա հետաքրքիր ավանդույթներ:
Բուլղարիայում, օրինակ, ավանդույթի համաձայն` Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ և երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:
Դանիացիներն էլ կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:
Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետև գցում են բուխարու մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը անհրաժեշտ վայր կհասցնի ուղարկված նամակը:
Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլև՝ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է: Դեկտեմբերի 31-ին տղամարդիկ և կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:
Իսկ ահա Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթ: Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով:
Շարունակելի…