Ադրբեջանը ստեղծում է լոգիստիկա Մեծ Թուրանի համար
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Առաջին կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից Թուրքմենստանի տարածքով՝ Կասպից ծովի ափին գտնվող թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով հասնել է Բաքու:
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր լոգիստիկայի մեջ՝ վերազինվել է Բաքվի միջազգային նավահանգիստը, Կասպից ծովի ափին՝ Բաքվից մի քանի կմ հեռավորության վրա կառուցվել է նոր՝ Ալյաթի նավահանգիստը, որը պետք է դառնա թյուրքախոս Կենտրոնական Ասիայի երկրների պատուհանը դեպի Կովկաս, Թուրքիա և Եվրոպա:
Բաքուն ցանկանում է նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից աստիճանաբար վերածվել նաև լոգիստիկ ծառայություններ մատուցող երկրի՝ միաժամանակ երկու ուղղությամբ՝ Արևելք-Արևմուտք՝ Կասպից ծովի երկու ափերը կապելով միմյանց, ինչպես նաև Հյուսիս-Հարավ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց ուղղությամբ:
Ղազախստանի և Ադրբեջանի միջև առկա է զարգացած տրանսպորտային լոգիստիկա Կասպից ծովում՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի տեսքով, որը միավորում է Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Ղազախական Աքթաու կասպյան նավահանգստից լաստանավային փոխադրումներ են իրականացվում դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ: Ղազախստանն իր ապրանքներն արտահանում է դեպի Արևմուտք՝ ադրբեջանական նավթագազային և տրանսպորտային լոգիստիկայով:
Դրան զուգահեռ, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև նույնպես խորանում են լոգիստիկ կապերը՝ Թուրքմենբաշիի նավահանգստից ապրանքներն արտահանվում են դեպի ադրբեջանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ: Նշենք, որ Կասպից ծով ելք չունեցող Ուզբեկստանն էլ օգտվում է Ղազախստանի և Թուրքմենստանի կասպյան նավահանգիստներից՝ Ադրբեջանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապող կամուրջ, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին, քանի որ Ադրբեջանով անցնող նավթագազամուղերը շրջանցում են ՌԴ-ի տարածքն ու հնարավորություն են տալիս Կենտրոնական Ասիայի երկրներին նվազեցնել իրենց կախվածությունը Մոսկվայից:
Այսպիսով, Ադրբեջանը միաժամանակ սպասարկում է իր ազգային, գեոպոլիտիկ, տնտեսական շահերը, ինչպես նաև Թուրքիայի՝ պանթուրքական ծրագրերը դեպի Կենտրոնական Ասիա: Դրան զուգահեռ, Արևմուտքն ադրբեջանական, կենտրոնականասիական նավթագազային ռեսուրսներ է ստանում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ՝շրջանցելով ՌԴ-ի և Իրանի տարածքները:
Արտյոմ Բալասանով