Ադրբեջանը կառուցում է թուրքական մոդելի զինված ուժեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկվելու են ռազմա-տեխնիկական համագործակցության և երկու երկրների զինված ուժերի միջև կապերի խորացման հարցերը:
Թուրք-ադրբեջանական ռազմավարական, դաշնակցային կապերը խորանում են՝ տարիների ընթացքում Ադրբեջանի բանակը դեֆակտո վերածվել է թուրքական բանակի արևելյան զորամիավորման:
Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են միասնական էներգետիկ, տրանսպորտային համակարգ՝ ադրբեջանական միլիարդավոր դոլարների ներդրումներ են իրականացվում թուրքական տնտեսության մեջ, իսկ թուրքական ընկերությունները լայնորեն ներկայացված են Ադրբեջանում: Անկարան և Բաքուն առաջնորդվում են «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևով: Արցախյան 44-օրյա պատերազմը, որտեղ թուրքական մասնագետները և Թուրքիան մեծ դեր խաղացին՝ Բաքվի հաջողությունների մեջ՝նոր մեկնակետ էր երկկողմ կապերի խորացման համար:
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարների զենքեր էր գնում ՌԴ-ից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից: Այժմ, երբ Ադրբեջան-Թուրքիա կապերն ավելի են խորացել՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքուն ավելացրել է իր ռազմա-քաղաքական կախվածությունն Անկարայից՝ Ադրբեջանը սկսելու է ավելի մեծ քանակի թուրքական զինատեսակներ գնել: Հիշեցնենք, որ թուրքական ռազմաարդյունաբերական համալիրը սկսել է արտադրել բազմաթիվ նոր՝ արդի զինատեսակներ, որոնք կարող են հետաքրքրել Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությանը:
Նշենք, որ Թուրքիան շուտով սկսելու է տեղական արտադրության Hürkuş կործանիչների արտադրությունը: Թուրքական ռազմաարդյունաբերական համալիրն արտադրում է նաև ATAK հարվածային ուղղաթիռներ, Altay տանկեր, տարբեր տեսակի հարվածային և հետախուզական անօդաչուներ: Թուրքիայում նաև մարտական հերթապահության է հանձնվել տեղական արտադրության HISAR O+ ՀՕՊ համակարգերը:
Սա միայն մի փոքր մասն է այն զենքերի, որոնք արտադրում է Թուրքիան և պատրաստ է ավելի մատչելի գներով վաճառել իր «փոքր եղբայր» Ադրբեջանին՝ այդ կերպ դուրս մղել ռուսական և իսրայելական զինատեսակներն ադրբեջանական բանակի զինանոցից:
Ադրբեջանը չի ցանկանում ունենալ միակողմանի կախվածություն մեկ կամ երկու պետություններից՝ սպառազինությունների գնման հարցում և այդ առումով Թուրքիան կարող է դառնալ Բաքվի համար արդի զինատեսակների գնման նոր, վստահելի գործընկեր:
Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերը մոտակա տարիներին միայն խորանալու են՝ դա պայմանավորված է թե երկկողմ գեոպոլիտիկ շահերով, թե Արևմուտքի դիրքորոշմամբ՝ թուրքական գործոնի միջոցով նվազեցնել ռուսական ներկայությունը հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում Հարավային Կովկասում:
Արտյոմ Բալասանով