top of page

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 30
  • 1 min read

ree

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին:

Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի տնօրենները և աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները, Իսահակյանի գրական ժառանգության սիրահարներ:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ուղին բացառիկ են ոչ միայն հայ գրականության, այլև հայ մտքի պատմության մեջ. «Հոբելյանական տարին հրաշալի հնարավորություն է՝ առավելագույնս հանրահռչակելու Վարպետի ժառանգությունը բարձրակարգ միջոցառումների և ծրագրերի միջոցով, վերաիմաստավորելու մեր դասական գրական ժառանգությունը և արժևորելու այն գաղափարներն ու արժեքները, որոնցով Վարպետը ձևավորել է հայ մարդու հոգևոր դիմագիծը։ Վարչապետի որոշմամբ ձևավորված հոբելյանական պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, համերգներ, կրթամշակութային ծրագրեր»։

Նրա տեղեկացմամբ՝ հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Լայպցիգում, որտեղ երիտասարդ տարիներին բանաստեղծի ապրած տան պատին տեղադրվել է հուշատախտակ: Իսահակյանի գործերը ներկայացվել են Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում։ Նման հուշատախտակ կտեղադրվի նաև Վենետիկում, իսկ Ֆրանսիայի ԻՆԱԼԿՕ համալսարանում և Թեհրանում իրականացվում են «Աբու Լալա Մահարի» պոեմի նոր թարգմանությունների շնորհանդեսներ՝ ի վկայություն Իսահակյանի համամարդկային արժեքների արդիականության։

1/3011
bottom of page