Ամանորյա ողբերգություն․ Թոմի Լի Ջոնսի դստերը մահացած են գտել Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում
- Lilit

- Jan 2
- 1 min read

Ողբերգությունը տեղի է ունեցել տարվա առաջին օրը․ հոլիվուդյան դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը՝ Վիկտորիա Ջոնսին, մահացած են գտել Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկում։
Ըստ Page Six-ի, Վիկտորիայի մարմինը հայտնաբերել են հունվարի 1-ի առավոտյան՝ Սան Ֆրանցիսկոյի Fairmont հյուրանոցում։ Արտակարգ ծառայությունները դեպքի վայր են ժամանել գիշերը ժամը 2:52-ի սահմաններում՝ արտակարգ իրավիճակի մասին ահազանգից հետո։
Հրշեջ վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ ականատեսներին սրտաթոքային վերակենդանացման հրահանգներ են տրվել։ Սակայն Վիկտորիային գտել են անգիտակից վիճակում, և բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Գործը փոխանցվել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությանը և դատաբժշկական փորձաքննությանը։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
Վիկտորիա Ջոնսը ծնվել է 1991 թվականին․ նա Քիմբերլի Քլաֆլիի հետ դերասանի երկրորդ ամուսնությունից ծնված դուստրն էր։ Երիտասարդ տարիքում ուժերը փորձել է դերասանական արվեստում և նույնիսկ հոր հետ նկարահանվել «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմում։
Նա նաև նկարահանվել է «Մեկ ծառի բլուրը» սերիալում և «Մելքիադես Էստրադայի երեք թաղումները» դրամայում, որի ռեժիսորը Թոմի Լի Ջոնսն էր։
Հետագայում Վիկտորիան թողել է դերասանական կարիերան, սակայն երբեմն հորն ուղեկցել է հանրային միջոցառումների և կինոփառատոնների ժամանակ։
Թոմի Լի Ջոնսն ու Քիմբերլի Քլաֆլին ամուսնացած են եղել 1981-1996 թվականներին։ Զույգն ունի նաև որդի՝ Օսթինը։ The New Yorker-ին տված հարցազրույցում դերասանը ջերմորեն է խոսել դստեր մասին՝ նրան անվանելով տաղանդավոր և բազմակողմանի զարգացած։




















