Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ
- Lilit

- Sep 28, 2024
- 3 min read

Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը: Հայտնում է ՄԻՊ-ը։
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ:
Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։
Մինչդեռ, Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ:Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է:Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը:
Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում, խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը:Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք:Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները.1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա.
2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պահանջում է պարտադիր ազատությունից զրկում.3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։Ավելին, Դատարանը արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է:
Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով» և հաշվի պետք է առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը:
Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որ պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում:Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:




















