top of page

Երուսաղեմի դատարանը 22-ամյա ուսանողին մեղավոր է ճանաչել Իրանի օգտին լրտեսության մեջ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 14
  • 2 min read
ree

Երուսաղեմի շրջանային դատարանը Էլիմելեխ Սթերնին՝ Բեյթ Շեմեշից 22-ամյա եշիվայի (Իսրայելում բարձրագույն կրոնական ուսումնական հաստատություն — խմբ.) ուսանողին, ճանաչել է մեղավոր՝ Իրանի օգտին լրտեսության համար, հայտնում է Times of Israel-ը։

Նա մեղավոր է ճանաչվել օտարերկրյա գործակալի հետ կապի և սպառնալիքների տարածման նպատակով դավադրության մեջ, այն բանից հետո, երբ անցյալ տարի մի քանի հանձնարարություն է կատարել իրանական հետախուզության գործակալի համար՝ գումարի դիմաց։ Սթերնը Իսրայելի այն տասնյակ քաղաքացիներից է, որոնք ձերբակալվել և մեղադրվել են Իսլամական Հանրապետության օգտին լրտեսության մեջ, սակայն նա առաջիններից է, ով դատապարտվել է, քանի որ լրտեսության գործերի մեծ մասը դեռ քննվում է դատարաններում։

Անվտանգության ծառայության՝ Շաբակի հարցաքննությունների ընթացքում Սթերնը խոստովանել է, որ Telegram-ի միջոցով կապ է պահպանել իր գործակալի հետ, որը հանդես է եկել «Աննա Ելենա» կեղծանվամբ։

Հետագայում դատարանում նա պնդել է, թե չի իմացել, որ շփվում է օտարերկրյա գործակալի հետ։ Դատավոր Հաննա Միրիամ Լումպի կայացրած մեղադրական վճռի համաձայն, Սթերնը ներգրավել է ևս երկու իսրայելցու, որոնք օգնել են իրեն կատարել իր գործակալի հանձնարարությունները։ Գործակալի խնդրանքով Սթերնը հանձնարարել է իր օգնականներից մեկին տպել և փակցնել արյունոտ ափերի պատկերով թռուցիկներ՝ անգլերեն գրությամբ․ «Պատմության մեջ կգրվի, որ երեխաներ էին սպանում, եկեք կանգնենք պատմության ճիշտ կողմում»։

Օգնականը լուսանկարել է իրեն՝ Թել Ավիվում թռուցիկներ փակցնելիս՝ 2024 թվականի հունիսի սկզբին, և ուղարկել է լուսանկարները Սթերնին, որը դրանք փոխանցել է գործակալին։ Նույն ամսին Սթերնը նաև ծրագրել է սպառնալիքներով լի փաթեթ թողնել Ռոնեն Շաուլի՝ ՄԱԳԱՏԷ-ում Իսրայելի ներկայացուցչի տան շեմքին, սակայն այդ ծրագիրը չի իրականացրել։

Իրանական գործակալը խնդրել է նրան պաշտոնյային կենդանու կտրված գլուխ ուղարկել՝ ծաղկեփնջի հետ։ Երբ Սթերնը չի կարողացել գտնել կենդանու գլուխ, գործակալը փոխել է ծրագիրը և առաջարկել ուղարկել տիկնիկի կտրված գլուխ՝ դանակի հետ։ Իրավական հետևանքներից վախենալով՝ Սթերնը ի վերջո հրաժարվել է ամբողջությամբ ուղարկել փաթեթը։ Նույն ամսին, երկար քննարկումներից հետո, նա հրաժարվել է նաև գործակալի հրահանգով հրդեհ կազմակերպել Երուսաղեմում։

1/3011
bottom of page