Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի չորս անդամներ Շվեյցարիայում կանգնել են դատարանի առաջ։ Բրիտանական ընտանիքին մեղադրում են, որ նրանք ավելի շատ գումար են ծախսել իրենց շան խնամքի, քան սպասավորների վրա, հայտնել է BBC-ն։
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար:
Ընտանիքը Ժնևի հարուստ Քյոլնի շրջանում վիլլա ունի, և նրանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները վերաբերում են երեխաներին խնամելու և տնային տնտեսությունը հետևելու համար Հնդկաստանից ծառաներ ներմուծելու նրանց գործելաոճին: Ենթադրվում է, որ Պրակաշը և Քամալ Հինդուջան իրենց որդու՝ Աջայի և նրա կնոջ Նամրատայի հետ առգրավել են աշխատակիցների անձնագրերը, 18-ժամյա աշխատանքային օրվա համար նրանց վճարել են ընդամենը 8 դոլար՝ միաժամանակ ծառաներին իրենց տնից դուրս գալու սահմանափակ ազատություն տալով։
Թեև անցյալ շաբաթ ֆինանսական համաձայնություն ձեռք բերվեց շահագործման վերաբերյալ, Հինդուջա ընտանիքը մարդկանց թրաֆիքինգի համար դեռ հետաքննության տակ է. մարդկանց թրաֆիքինգը Շվեյցարիայում օրենսդրորեն համարվում է լուրջ քրեական հանցագործություն:
Բրիտանական ընտանիքի անդամնեիրը հերքում են մեղադրանքները։ Այս շաբաթ դատարանում Ժնևի ամենահայտնի դատախազներից մեկը՝ Իվ Բերտոսան, տարեկան 10 հազար դոլարը, որն, ըստ նրա, ընտանիքը ծախսում էր իրենց շան խնամքի վրա, համեմատել է օրական գումարի հետ, որը նրանք վճարում էին իրենց սպասավորներին:
Հինդուջա ընտանիքի փաստաբանները միանշանակ չեն ժխտել սպասավորներին ցածր վարձատրության մասին պնդումները, բայց հայտարարել են, որ դրանք պետք է դիտարկվեն աշխատանքային պայմանների համատեքստում, նշելով, որ սպասավորները նաև ստացել են կացարան և սնունդ են ստացել: Արտաժամյա աշխատանքի մեղադրանքը նույնպես վիճարկվել է, քանի որ պաշտպաններից մեկը պնդում է, որ երեխաների հետ ֆիլմ դիտելը իրականում չի կարող աշխատանք համարվել:
Որոշ նախկին սպասավորներ ցուցմունքներ են տվել Հինդուջա ընտանիքի օգտին՝ նրանց նկարագրելով որպես հաշտ ընտանիք, որն արժանապատվորեն էր վերաբերվում իր սպասավորներներին: Սակայն այն պնդումները, ըստ որոնց ծառայողների անձնագրերը առգրավվել են, և որ նրանք չեն կարողացել առանց թույլտվության նույնիսկ տնից դուրս գալ, բավական լուրջ են, քանի որ դրանք կարող են մարդկանց թրաֆիքինգ գնահատվել:
Բերտոսան պահանջում է բանտարկություն և միլիոնավոր վնասների փոխհատուցում, ինչպես նաև վճարներ իրավաբանական ծախսերի դիմաց: