Հարյուրավոր միլիոն դոլարների վատնում կա. Փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված սպառազինության մասին
- 4 days ago
- 3 min read

«Զարմանում եմ, թե օրվա իշխանությունը հանրությանը հիմարի տեղ դնելու համար որքան շատ տարբերակներ ունի։ Հնարավոր չէր պատկերացնել, որ հնդկական զենքերի անունները հայերեն դարձնելու գաղափարը կարող էր ինչ-որ մեկի մտքով անցնել։ Ցուցադրում են հնդկական սպառազինություն, բայց ներկայացնում հայկական անվանումներով։ Հարց է առաջանում` այդ ու՞մ եք ուզում հիմարի տեղ դնել»,-Aysor.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով այսօր տեղի ունեցած զորահանդեսին, ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Ըստ փորձագետի՝ եթե սպառազինության հնդկական լինելը փորձում են քողարկել հայերեն անվանումներով, նշանակում է՝ իրենք էլ հասկանում են, որ այդ սպառազինության ձեռքբերման հետ կապված լուրջ վերապահումներ կան։
«Սա հերթական էժան, մոլորեցնող հնարքն է, անտեղյակ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե դրանք հայկական ռազմարդյունաբերության արտադրանք են, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերով ստեղծված, այնինչ իրականում պրիմիտիվ մանիպուլյացիա է։
Ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու անվան տակ, ըստ էության, Հայաստանը լուծում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական կապերը խզելու խնդիր։ Իհարկե, պետությունը պետք է օգտագործի սպառազինություն ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, եթե գործարքը շահավետ է, բայց ոչ՝ հակադրվելու տրամաբանությամբ։
Վերջին տարիներին Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերված սպառազինությունը, ըստ էության, գնվել է Ռուսաստանին հակադրվելու տրամաբանությամբ։ Իսկ նման մոտեցմամբ ձեռք բերված սպառազինության հետ ձեռք ենք բերել նաև ռիսկեր, որոնք պատերազմական իրավիճակում կարող են դառնալ անկառավարելի»,-նշում է Ջամալյանը։
Ռազմական փորձագետը հիշեցնում է, որ այն սպառազինությունը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայից, Հայաստան պետք է հասնի Վրաստանի տարածքով։
«Հիշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը փակել էր իր օդային տարածքը մեր սպառազինության մատակարարումների համար։ Աներկբա է, որ պատերազմական իրավիճակում թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին փորձելու է հասնել նրան, որ Վրաստանը նորից փակի իր օդային տարածքը։ Այդ դեպքում այսօր ցուցադրվող ֆրանսիական սպառազինությունը ունենալու է մատակարարման և ռազմամթերքի լուրջ խնդիրներ, այսինքն՝ գործնականում կարող է չօգտագործվել։
Առավել ևս, որ ֆրանսիական սպառազինությունը շատ ավելի թանկ է, քան ռուսական համարժեքները, ուստի բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ըստ էության, թե՛ ֆրանսիական, թե՛ հնդկական սպառազինության պարագայում գործ ունենք պետական միջոցների վատնման հետ, հատկապես, եթե այդ գնումներն արվել են պարտքով։ Որովհետև այդ ամենի ռուսական համարժեքները հնարավոր էր ձեռք բերել շատ ավելի մատչելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անվճար՝ օգնության ձևաչափով։ Հետևաբար, այստեղ առնվազն տեսնում ենք հարյուրավոր միլիոն դոլարների վատնում»։
Դավիթ Ջամալյանն ընդգծում է՝ հնդկական սպառազինության հետ կապված խնդիրներ ևս կան։
«Այն հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք այսօր ցուցադրվել են, Հայաստանը և Հնդկաստանը գրեթե միաժամանակ են ներդրել իրենց զինված ուժերում։ Այսինքն՝ մենք չենք գնել արդեն փորձարկված և արդյունավետությունը ապացուցած համակարգեր, այլ մի բան, որը նույնիսկ հնդիկները դեռ լիարժեք չէին հասցրել կիրառել։ Դրանք կրկին թանկ են ձեռք բերվել, մինչդեռ ռուսական անալոգները շատ ավելի մատչելի են և բազմաթիվ ռազմական հակամարտություններում ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Պակիստանի հետ հակամարտության ընթացքում, ըստ պաշտոնական Հնդկաստանի, այդ համակարգերը լավ են դրսևորել իրենց, բայց մինչ օրս չկա որևէ հաստատված փաստ, որ դրանք խոցել են պակիստանյան օդային թիրախները։ Հետևաբար, հարց է առաջանում՝ այս սպառազինությունը իրական մարտական իրավիճակում ի՞նչ արդյունավետություն է ունենալու»։
Ռազմական փորձագետը մատնանշում է նաև որակի հետ կապված խնդիրները.
«Մարդկանց կարծես հիմարի տեղ են դնում, ձեռք բերված երեք հրետանային համակարգից առնվազն երկուսը Հնդկաստանի զինված ուժերը նույնիսկ չեն ընդունել սպառազինության կազմում, մինչդեռ այստեղ դրանք ներկայացվում են որպես մեծ ձեռքբերում։ Զուգահեռաբար, Հնդկաստանը շարունակում է ձեռք բերել ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ S-400-ներ, ինչպես նաև փոքր հեռահարության պաշտպանության միջոցներ։ Սա ինքնին բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ուստի հնդկական սպառազինությունից այն, ինչն այսօր մեզ ցուցադրվում է, միայն մեկն է, որ իրական մարտական պայմաններում պարբերաբար փորձարկվել է։ Բայց նույնիսկ այստեղ խնդիր կա՝ այն թանկ է գնվել և պետք է Հայաստան հասնի Իրանի տարածքով։ Մինչդեռ, երբ Մարկո Ռուբիոն հակաիրանական կոնտեքստով այց է կատարում Հայաստան, և իրանական մամուլում ակտիվորեն քննարկվում է Հայաստանը՝ որպես հնարավոր հակաիրանական հենակետ, պարզ է դառնում, որ եթե այս իշխանությունը շարունակի սպասարկել հակաիրանական օրակարգ, ապա Իրանը կարող է փակել իր օդային տարածքը այդ մատակարարումների համար»։
Դավիթ Ջամալայնը հավելում է՝ այսօր ցուցադրվել են նաև ռուսական արտադրության արդյունավետ և փորձարկված համակարգեր։
«Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ այդ սպառազինությունը ձեռք է բերվել դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, կամ էլ ավելի հավանական է, որ այն գնվել է 2020-ից հետո։ Եթե ճիշտ է երկրորդ տարբերակը, ապա հերթական անգամ հերքվում է իշխանական այն սուտը, թե « Հայաստանը փողը տվել էր, բայց Ռուսաստանը զենք չէր մատակարարում»։ Թեպետ իշխանության ներկայացուցիչներն ավելի ուշ իրենց այլ հայտարարություններով ակամա հերքեցին այդ պնդումը, այսօրվա ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ռուսական կողմը կատարել է իր պարտավորությունները»։




















