top of page

Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից անջատ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է․ Գոհար Մելոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read


Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ։

17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները ԱՆՋԱՏ են պետությունից։

ԱՅՍԻՆՔՆ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից ԱՆՋԱՏ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։

Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը

Երբ առաջին ատյանի դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց և իր ակտով փաստացի «նշանակում» է Մասյացոտնի թեմի առաջնորդին, տեղի է ունենում ուղղակի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, և փաստացի վերացվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությունը ՀՀ իրավական համակարգում։

Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում՝ նշված դատական ակտը չկատարելու հիմքով, դա նույնպես ուղղակի միջամտություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։

Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն»։

1/3141
bottom of page