Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առաջարկում եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգն ու տեղադրել դրոշը
- Lilit

- 1 day ago
- 2 min read

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.
«Մինչև Սուրբ Էջմիածնի վերահաս ասպատակությունը՝ Նիկոլին օդ ու ջրի նման պետք է հայ առաքելական եկեղեցուց կերտել հակապետական ինստիտուտի կերպար: Կառույց, որն իբր սպասարկում է ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերը: Բարձրաստիճան հոգևորականներին բանավոր հայտարարություններով օտար երկրների գործակալներ կարգելը բավարար էֆեկտ չի ապահովել հանրային ընկալումներում: Զանգվածների սրտերին հասնող ուրիշ «զիլ» քայլ է պետք:
Նիկոլն, այո, կիսագրագետ է, բայց հաստատ անգրագետ չի: Ուստի, ծիծաղելին այն չի, ինչ ինքը գրել է: Ծիծաղելին այն է, որ ազգովի նրան դրած բացատրում ենք, թե ինչ տարբերություն կա «պետության կողմից 301 թ. եկեղեցու ստեղծման» և պատմական փաստերի միջև:
Նա շատ լավ հասկանում է, որ եկեղեցու նման բարդագույն կառույցը, որը կանոնական հարցերում շատ ավելի դանդաղ է, քան կրիան, չի կարողանալու արագ արձագանքել ու առավել ևս ընդառաջ գնալ իր «պետականապաշտ» առաջարկություններին:
Նա սա անում է, որ մեկ քայլ հետո ստանա լավ առիթ՝ շապիտոյի գլուխն անցած ձայնը գլուխը գցելու ու ժողովրդին հիմնավորելու, որ եկեղեցին գործում է ՀՀ պետական շահերի դեմ. տեսե՜ք, եկեղեցին հրաժարվում է անգամ պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգն ու եկեղեցիներում տեղադրել ՀՀ պետական դրոշը:
Ուրիշ ոչ մի պատճառ ու նպատակ, իմ կարծիքով, չկա:
Հ.Գ. 1. Եկեղեցու պատմությունը լավ իմանար, գուցե, ժողովրդի անունից պահանջեր նաև այսուհետ պատարագները մատուցել բացառապես գրական հայերենով կամ, որ առավել ցանկալի է՝ տեղական բարբառներով, որովհետև գրաբարով մատուցված պատարագներին ժողովուրդը մի տեսակ անհաղորդ է մնում, լավ չի հասկանում:
Հ.Գ. 2. Կարպիս Փաշոյանն ակնարկել է անգամ պատմական մեծ դավադրության հավանականության մասին: Հռչակելով, որ եկեղեցին «ստեղծվել» է պետության կողմից, Նիկոլն, ըստ Կարպիսի, ուրանում է մեր եկեղեցու առաքելահաստատ (Թադևոս և Բարդուղեմեոս) լինելն ու քաղաքական նկատառումներով մեր եկեղեցին ստորադասում առաքելահաստատ տիեզերական մյուս եկեղեցիներին՝ Վատիկանին (Պետրոս) ու Պոլսոյ տիեզերական պատրիարքությանը (Անդրեաս):
Սա էլ երևի Նիկոլին վերագրվող ծայրահեղության մյուս երեսն է: Նիկոլն այսքանը հասկանու՞մ է: Կամ տիեզերական մյուս եկեղեցիները չեն հասկանու՞մ, որ նման մասշտաբի խնդիրները Նիկոլի գրառումներով չեն լուծվում: Ուրիշ բան, որ այս կերպ գուցե իրոք քաղաքական հովանավորության նոր չափաբաժին է մուրում»:




















