Սկանդալ՝ թիվ 95 միջնակարգ դպրոցում. փոխգնդապետին ու նրա եղբորը ոստիկանները բերման են ենթարկել
- Lilit

- 4 days ago
- 1 min read

Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան, ու դասի ժամանակ խաթարել է դպրոցի բնականոն աշխատանքը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել 2 քաղաքացու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ.-ն և 39-ամյա Սերյոժա Գ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Գ.-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա, ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ օպերատիվորեն ժամանած Նուբարաշենի ոստիկանները նրան դպրոցի ներսում բռնել ու տեղափոխելիս են եղել ոստիկանութուն, բակում կանգնած Սերյոժա Գ.-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է վերացական հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ոստիկանները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Գ.-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկի բաժիններից մեկում՝ որպես պետ:




















