«Ինտեր Մայամին» հաղթեց «Նեշվիլին»․ Մեսսին՝ դուբլի և MLS-ի բոլոր ժամանակների ռեկորդի հեղինակ
- Lilit

- Oct 25
- 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, MLS-ի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Նեշվիլի» նկատմամբ։
Մայամին ներկայացնող ակումբի կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ թիմի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին։
Մեսսին այժմ իր կարիերայի ընթացքում 236 տարբեր խաղում խփել է երկու կամ ավելի գոլ՝ կրկնելով բոլոր ժամանակների ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացին նրանից 161 խաղ ավելի է անցկացրել։
Բացի այդ՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը 2025 թվականին «Ինտեր Մայամիի» կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 39-ի, ինչը ռեկորդ է MLS-ի խաղացողների շրջանում՝ մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով։ Նախորդ ռեկորդակիրներն էին Կառլոս Վելան և Դենիս Բուանգան, որոնք համապատասխանաբար 38 գոլ էին խփել 2019 և 2023 թվականներին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 03։30-ին։




















