Փաշինյանին է մոտեցել 30 հազար դոլարի տուգանք ունեցող տաքսու վարորդը և ներկայացրել իր ակնկալիքը. Մանրամասներ
- Lilit
- Feb 9
- 1 min read

Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ եւ ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի եւ ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք, Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:
Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան եւ հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաեւ պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:
Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու եւ կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով: Մտածենք»,-գրել է Փաշինյանը։