top of page

Եթե Բաքուն տնային կալանք տար, բոլոր գերեվարվածների ընտանիքները կվերադառնային Ստեփանակերտ

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը։ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 քաղաքացիական անձինք մեղադրվում են մեկ քրեական գործով՝ «պատերազմական հանցագործությունների», «բնակչության բռնի տեղահանման», «դիտավորյալ սպանության», «ցեղասպանության» համար։

«Սկզբից մամուլում շրջանառության մեջ դրվեց՝ խափանման միջոցը փոխարինել «տնային կալանքով», որը պետք է վերջնականորեն հաստատվեր հունվարի 27-ի դատավարության ընթացքում։ Տնային կալանքը ենթադրում էր, որ, հավանական է, գերիներին տեղափոխեին Ստեփանակերտ, այդպիսով ևս մեկ անգամ Բաքուն կփորձեր աշխարհին ներկայացնել, որ Ստեփանակերտն ադրբեջանական Խանքենդին է, և գերեվարված անձինք իրենց տներում են։ Բայց դատարանը մերժեց»,- զրույցում ասաց Բաքվում ապօրինաբար պահվող գերիների հարազատներից մեկը։ 

Հարցին՝ եթե ձեր հարազատին  տեղափոխեին Ստեփանակերտ ու տնային կալանք կիրառեին, հնարավորության դեպքում արդյո՞ք կվերադառնայիք, մեր զրուցակիցն առանց երկմտելու պատասխանեց․ «Ոչ միայն մեր, այլ վստահ եմ բոլոր գերեվարվածների ընտանիքները հանուն մեր հարազատների կվերադառնայինք։ Դա մեր դեպքում նույնիսկ չի քննարկվում։ Շատ են փոխվել, հյուծվել են, ժամանակից շուտ ծերացել։ Բոլորը հոգատարության, տան ջերմության կարիք ունեն, կարոտում են»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Բաքուն «տնային կալանք» եզրույթը հենց այնպես չի օգտագործել։

Դրանով փորձել են ստուգել գերեվարվածների հարազատների տրամադրությունները: «Եվ ես ասում եմ, այո՛, կվերադառնանք, հանուն մեր տղայի ու մեր տղաների պարտավոր ենք»,- ընդգծեց նա։

Անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի օրերս արված հայտարարությանը, որ գերեվարված ու պատանդառված անձանց հարցաքննում են հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ։ 

«Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ իր իսկ լեզվով ասած ձենը կտրի ու հանգիստ վեր ընկնի տեղը։ Հոգեվարքի մեջ է, անհավասարակշիռ։ Եթե հանկարծ մի բան պատահի Հայաստանին, անկասկած նա մեղադրելու է գերիներին։ Բայց մենք էլ հո՞ գիտենք, որ տեղի ունեցողը հենց Փաշինյանի սարքած «բորշի» արդյունք է»,- եզրափակեց նա։


1/2283
bottom of page