ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է «ԱՖԿ Սիստեմա»-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցին

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների ցուցակից հանել է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության փոխնախագահ Սերգեյ Աշոտի Մնդոյանցին։ Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։
Դրանում նշվում է, որ այդ անձի վերաբերյալ հիշատակումները հանվում են պատժամիջոցների ցուցակից։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։
Նախօրեին ԵՄ խորհուրդը ևս մեկ անգամ վեց ամսով երկարաձգել է անձնական սահմանափակումներն այն անձանց և կազմակերպությունների համար, որոնց եվրոպացի պաշտոնյաները մասնակից են համարում Ուկրաինայի ինքնիշխանությունը խարխլմանը: Նշվել է, որ ԵՄ խորհուրդը որոշել է չերկարաձգել պատժամիջոցները երեք անձի նկատմամբ և ցուցակից հանել ինը մահացած անձի։ Այդուհանդերձ, ցուցակում մնում է ավելի քան 2,1 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ։
Նշենք, որ Սերգեյ Մնդոյանցը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում։ Նա ռուսաստանաբնակ անվանի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է։




















