Հանրային հարաբերություններն իջել են Փաշինյանի պատկերացումների մակարդակի. Սուրեն Սահակյան Aysor.am
- Lilit
- May 30
- 3 min read

Aysor.am-ի հարցազրույցը հանրային գործիչ ՍուրենՍահակյանի հետ է։
-Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այսօրվա գրառումը՝ թե՛ քաղաքական և թե՛ ժողովրդավարական մշակույթի տեսանկյունից։
-Գրառումը գնահատում եմ որպես նախընտրական շոուի նախնական բեմադրություն։ Սա առիթ է ապագա բոլոր մասնակիցներին գնահատելու, թե ինչ միջավայրում են անցնելու ընտրությունները։ Պետք է հասկանան՝ պատրա՞ստ են արդյոք նման զազրելի շոուի մասնակիցը դառնալ։ Որպես նման մի բանի մասնակից 2021թ․-ին, կարող եմ ասել, որ արժեքներ ունեցող մարդկանց համար դա մեծ փորձություն է, որի վերջում զգացողություն է, թե նոր ես դուրս եկել քաղաքային կոյուղուց։
-Ինչո՞ւ է վարչապետը նման քայլի դիմել հենց հիմա։ Կա՞ն քաղաքական հաշվարկներ։
-Այո։ Ինչպես ասեցի, սրանով Փաշինյանի ընտանիքն աստիճանաբար սովորեցնում է նախընտրական միջավայրին։ Ինչպես դասականի խոսքից տրամաբանորեն բխում է, հիմարը բանավեճում հաղթելու համար պետք է պայմանական խելացիին իջեցնի իր մակարդակի բանավեճի, որտեղ էլ իր հարուստ փորձառությամբ կհաղթի։ Այլ տարբերակ, կարծես, չկա։ 2021թ․-ին դա առաջին անգամ բեմադրվեց ու աշխատեց։ Հիմա էլ պետք են ավելի վառ պատկերներ, որոնց համար Փաշինյանների երևակայությունը, կարծես, անսպառ է։ Չեմ բացառում, որ ՀՀ իրավապահ համակարգը միջնորդի, որպեսզի ԱՄՆ-ում Վարդան Ղուկասյանի դեմ դատական գործերն էլ դադարեն։ Հայհոյախառն ապաքաղաքական շոուն այդ դեպքում կատարյալ կլինի, մյուսներն էլ կձգտեն բավարարել «քաղաքական» ամենացածր նշաձողին, որովհետև ընտրողի մոտ կարծես հենց դա էլ աշխատում է՝ ինչքան բարձր ու «զիլ» հայհոյանք, այդքան բարձր վստահության քվե։
-Ի՞նչ եք կարծում՝ սա կխորացնի՞ պետականության և եկեղեցու միջև լարվածությունը։
- Չեմ կարծում։ Եկեղեցու գոյության համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ սեփական ինստիտուցիոնալ առաքելությանը, որն առանց պետական մարմինների հետ համագործակցության դժվար իրականանալի է։ Եկեղեցին նույնիսկ Ցեղասպանությունից առաջ, ընթացքում և հետո Օսմանյան կայսրության, իսկ մինչ այժմ նաև Թուրքիայի Հանրապետության հետ է համագործակցել, ինչպես նաև՝ եկեղեցու գույքը բռնագրաված ռուսական ցարի ու Սովետական Միության։ Այս ժամանակավոր դժվարություններն ի՞նչ են, որ մեր եկեղեցին չդիմանա, առավել ևս, որ ինստիտուցիոնալ գործունեության հարուստ պատմություն ունեցող եկեղեցին ունակ է գնահատել, որ սրանք ժամանակավոր դրսևորումներ են։
-Արդյո՞ք նման հրապարակային խոսքը կարող է խթանել ատելություն կամ հակասություններ հասարակության ներսում։ Ինչպե՞ս կարելի է կանխել դա։
-Իսկ որևէ մեկի աչքից կարո՞ղ է վրիպած լինել, որ հանրային հարաբերություններն իջել են Փաշինյանի պատկերացումների մակարդակի։ Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության մակարդակից մինչև միջանձնային շփումներ՝ ներծծված են միմյանց հանդեպ այդ տոտալ ատելությամբ։ Ընդամենը 7 տարի առաջ հայհոյանքներ կային, որոնք արտաբերելու համար յուրաքանչյուրը պետք է մտքում ունենար՝ դրանք իր վերջին խոսքերը կարող են լինել։ Հիմա ով, ում, երբ, ինչպես կարող է՝ հայհոյում է, ընդ որում, առանց որևէ հիմքի։ Նույնիսկ իրար չճանաչող մարդկանց միջև միմյանց հանդեպ խորը ատելությունը, կարծես, նորմա է դարձել։ Այսպիսի միջավայրում դրական որևէ բան ստեղծելը, չհուսահատվելը, սիրելը իսկական հերոսություն են։ Մինչդեռ 2018թ․-ին խոսք էր գնում սիրո հեղափոխության մասին։ Ի դեպ, Փաշինյանն այս դեպքում ճիշտ է՝ ժողովուրդը՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին, կարող է ամեն հաջորդ պահին վերջ տալ այս ամենին։ Դա կարելի է անել ինչպես ընտրություններում՝ հայհոյողներին չընտրելով, այնպես էլ փողոցով՝ ուղղակի անմիջականորեն իրացնելով Սահմանադրությամբ իրեն վերագրված իշխանությունը և վռնդելով հանրային հարաբերությունների մասին այսպիսի պատկերացումներ ունեցողներին։
-Ձեր կարծքով՝ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հոգևոր հեղինակությունների նկատմամբ հարձակումները։
-Ես կարծում եմ՝ որևէ տիպի հեղինակություն հանրության մեջ այլևս չի մնացել։ Իսկ հայտնվելու դեպքում այնքան աղբ է թափվում նրա վրա, որ հաջորդ պահին դադարում է հեղինակություն լինել։ Այդպիսի թերություններ ունի հանրային հարաբերությունների հետարդիական մոդելը։ Պարզվեց, որ տեղեկատվության ազատականացումը և դրա բազմազանությունը գործածության մեջ հանգեցնում է ճշմարտության սահմանների վերացման։ Սա շատ բարդ խնդիր է, որի առաջ կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ մարդկությունը։ Արհեստական բանականության զարգացումն այս առումով, ավելի է բարդացնելու վիճակը։ Դրական բանն այն է, որ այլևս քողազրկվում են ոչ կենսունակ, տրամաբանությունից դուրս առասպելներն ու գաղափարները, բայց բացասականն էլ կա՝ որևէ դրական զարգացման հեռանկար, գաղափար կարելի է վտանգել, հեղինակազրկել։ Չափազանց բարդ հարց է, որի լուծումը ես չգիտեմ։