Ռուս զինվորականների տվյալներն ուսումնասիրվում են․ Մոսկվայից կոշտ պատասխան է հնչել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ պատերազմի ռուս մասնակիցների անձնական տվյալները ձեռք բերելը դժվար չի լինի։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն ունեն դրա համար անհրաժեշտ հետախուզական հնարավորություններ։
Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կալլասը նշել է, որ Ռուսաստանը «խիստ բյուրոկրատացված երկիր» է և պահպանում է բոլոր նրանց տվյալները, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին։ Լրագրողների՝ տեղեկությունների ստացման եղանակների վերաբերյալ ճշտող հարցին նա հղում է արել հետախուզական ծառայությունների հնարավորություններին։
Ի պատասխան՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Կալլասը հրապարակայնորեն հայտնել է ռազմական գործողությունների մասնակիցների անձնական տվյալներն ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին։ Նրա պնդմամբ՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի գործողություններում առկա են Քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածների խախտման հատկանիշներ, իսկ դրանցով նախատեսված պատիժների ընդհանուր ժամկետը կարող է կազմել շուրջ 20 տարվա ազատազրկում։




















