Հայ և ադրբեջանցի հասարակական ներկայացուցիչների այցերը կշարունակվեն․ ՔՊ
- Feb 16
- 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչների այցերը փոխադարձ բնույթ են կրում։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Դրանք, ինչպես նշել է պատգամավորը, ուղղված են խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը։ «Հայկական և ադրբեջանական հասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում», - ընդգծել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումից ի վեր առաջին անգամ, «ադրբեջանական քաղաքացիական հասարակության» 19 ներկայացուցիչներ ցամաքային ճանապարհով ժամանել են Հայաստան։




















