«Բենթլին, գոլդ համարն ու անառիկ ամրոցը». ի՞նչ էր գրում խմբագիր Նիկոլ Փաշինյանի թերթը Կճոյանի մասին ( NEWS.sam)
- Lilit

- 1 day ago
- 2 min read

Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը տարիներ առաջ հրաժարվում էր հարցազրույց տալ «Հայկական ժամանակ» թերթին, որի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, այսօր ջերմ ողջագուրվում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ հանդիպման գնում, ձեռքը սեղմում եւ միասին պատարագի են մասնակցում։ NEWS.sam–ն ուսումնասիրել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի արխիվն ու ուշագրավ հոդվածներ գտել, որտեղ թերթը բացասական որակումներ է տալիս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։
Այսպիսով, 2013թ.–ի հուլիսին թերթը հրապարակել է հոդված «Գոլդ համարը, անառիկ ամրոցն ու սոված երեխաները» վերնագրով, որտեղ մասնավորապես ասվում է. «Խիստ հոգեւոր կյանքով ապրող Կճոյանը, ի դեպ, միայն «Բենթլիի» ու զենքի սիրահար չէ: Նա նաեւ նախընտրում է «գոլդ» հեռախոսահամարներ: Բայց «գոլդ» համարին ամեն մարդ չի կարող զանգահարել, եթե զանգահարում էլ է, ապա՝ անպատասխան: Նախօրեին համաշխարհային նորությունների առաջին հորիզոնականում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի խոսքն էր՝ «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգեւորականը կամ միանձնուհին երթեւեկում վերջին մոդելի մեքենայով: Պետք չէ այդպես անել: Մեքենան անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունն ավելի համեստ պետք է լինի: Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»: Հռոմի պապը տեղյակ չէ հոգեւորականների այնպիսի նախասիրությունների մասին, ինչպես «գոլդ» հեռախոսահամարն է, զենքը, օֆշորային գոտիները եւ այլն: Եւ եթե աշխարհում կան հոգեւորականներ, ում ուղղված էր Պապի խոսքը, ապա առաջին հորիզոնականում, անկասկած, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է»։
Մեկ օր անց մեկ այլ հրապարակման մեջ ասվում է. «Նավասարդ Կճոյանն ասաց՝ «Հայկական ժամանակին» ասելիք չունեմ, աղջիկ ջան, կներես ինձ»։
2010թ.–ի մարտի 24–ին Փաշինյանի թերթը հոդված է հրապարակել հետեւյալ վերնագրով. «Արքեպիսկոպոս Կճոյանն ու Լֆիկ Սամոն»։ Հոդվածը պատմում է կրակոցների մասին, որը ըստ ՀԺ–ի իրավական հետեւանք չի ունենա, քանի որ կողմերից մեկը Կճոյանի մերձավոր շրջապատից է. «Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ռոստովցի Սամվելի որդիներին, իսկ Լֆիկի յուրայինները դիմել են փախուստի։ Մեզ հաջողվեց ճշտել, որ սույն գործին խառնվել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Վերջինս, ըստ մեր աղբյուրների, քավոր-սանիկական հարաբերություններ ունի ռոստովցի Սամվելի ընտանիքի հետ։ Այնպես որ, «էս գլխից արդեն» ակնհայտ է, որ հերթական անգամ, վիճաբանած կողմերից եւ ոչ մեկը չի պատժվելու։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հենց Արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ, բերման ենթարկվածները ազատ են արձակվել»։
2011թ.–ի ապրիլի 1–ին հրապարակված հոդվածումէլ ՀԺ–ն Կճոյանին մեղադրել է ՀՀԿ–ի քարոզչությունն իրականացնելու մեջ. «Կճոյանը հանրությանը հայտնի է նրանով, որ հոգեւորականին ոչ վայել ճոխ կենցաղով է ապրում եւ նախընտրական քարոզարշավների ժամանակ համարվում է ՀՀԿ-ի ամենաեռանդուն քարոզիչներից մեկը:
2013թ–ի փետրվարի 14–ում հրապարակված հոդվածը կրկին ընտրությունների թեմայով է. «Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատեւ մի ժողով է անցկացրել, եւ մեր ունեցած տեղեկություններով, խոսել է նաեւ նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ մեր աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում` Էջմիածնի եւ Սեւանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:




















