top of page

Ես քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված ների նաև իրեն իր սուտ խոսելու համար․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 11
  • 2 min read
ree

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Տաթևի վանական համալիրի վանահայր Հայր Սահակի հայտարարություններին։ Նշենք, որ Հայր Սահակը հերքել էր լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ իրենց հանդիպումը պատահական է եղել։


«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշել էր Հայր Սահակը։


Արձագանքելով այս հայտարարությանը, Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։ Նա, մասնավորապես, նշել է.


«Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ապրումով, որը քիչ առաջ ես ունեցա և դա կապված էր այն փաստի հետ, որ ես տեսա, որ ոմն Հայր Սահակ, որին ես հանդիպել եմ Տաթև վանքում, երբ որ մենք այցելում էինք Սյունիքի մարզ, հարցազրույց է տվել և ասել է բաներ, որոնք ինձ մոտ, անկեղծ ասած, խղճահարություն և միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք և ծիծաղ է առաջացրել։ Հայր Սահակը ասել է, որ պատահական է հանդիպել ինձ և լրագրողի հարցերին ի պատասխան ասում է, որ ընդհանրապես ինքը չի կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսել, բարևել եմ ու անցել գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու և ընդհանրապես շփվելու որևիցե բան չունեմ»,– ասել է Հայր Սահակը։ Արդարանում է և ցավոք սրտի ստում է շատ վատ ձևով։ Հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար։


Հայր Սահակը իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մտքի մոտ, հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ, ինքը միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը և Հայր Սահակը ինձ նաև պատմեց այն աշխատանքների մասին, որոնք տեղի են ունենում։ Մեր շփումը այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասացի՝ կարո՞ղ է ես փորձեմ ինչ-որ ձևով աջակցել, որ ինչ-որ մի մաս շինարարության ֆինանսական առումով փորձեմ ես աջակցել։ Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց և իր համարը տվեց իմ խորհրդականին, որպեսզի մենք կազմակերպենք, որ ես ինչ-որ ձևով նաև մասնակցեմ այդ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։


Ըստ ԱԺ նախագահի՝ Հայր Սահակը վերջում իրեն ուղեկցել է մինչև մեքենա ու շատ ջերմ բաժանվել են։


«Չի կարելի սուտ խոսել։ Պատվիրաններից մեկը ասում է քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր, և ես ցավում եմ, որ եկեղեցականը այդքան համարձակություն չունի և այդքան վախվորած է, այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումը իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում։ Ես քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված ների նաև իրեն իր սուտ խոսելու համար։ Ես չեմ ուզում հավատալ, որ նման բարքերը պետք է շարունակվեն և տեղ ունենան մեր Եկեղեցում։ Նորից ուզում եմ ասել, մեր եկեղեցին լի է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ պարկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջույներն եմ հղում և շնորհակալություն հայտնում իրենց արած աշխատանքի համար, հարգանքներս ձեզ բոլորիդ։ Իսկ Հայր Սահակին Աստված թող ների, ես ներում եմ»,- ասել է Ազգային ժողովի նախագահը։

1/3011
bottom of page