top of page

Դատախազությունը մանրամասներ է հայտնել Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

1 day ago
1 min read

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։

Մասնավորապես՝

  • Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։

  • Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։

  • Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։

  • Կատարվել են փաստաթղթերի զննումներ։

  • Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։

  • Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

  • Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ,  քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ 

Նախաքննությունն ընթացքի մեջ է։

1/3706
bottom of page